Փարիզում 2015թ. նոյեմբերին իրականացված ահաբեկչությունների կասկածյալ Սալահ Աբդեսլամն այսօր առավոտյան Բելգիայի կողմից արտահանձնվել է Ֆրանսիա: Այդ մասին հաղորդել է Բրյուսելի դատախազությունն այն բանից հետո, երբ Աբդեսլամն արդեն գտնվում էր Ֆրանսիայի տարածքում, հաղորդում է France24-ը:
Փարիզի դատախազությունն իր հերթին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Ի կատարումն մարտի 19-ին տրամադրված՝ ձերբակալության եվրոպական արտոնագրի՝ Սալահ Աբդեսլամն այսօր փոխանցվել է Ֆրանսիայի իշխանություններին»: Նշվում է, որ Աբդեսլամին Ֆրանսիա են բերել տեղի ժամանակով 09:05-ին:
«Օրվա ընթացքում նա կկանգնի հետաքննության դատավորների առաջ»,- նշված է Փարիզի դատախազության հաղորդագրության մեջ: