Ակնհայտ է Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի վայրագությունների միջև անմիջական կապը։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանությանը նվիրված երեկոյի ժամանակ ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, հաղորդում է NEWS.am-ը։
«Ակնհայտ զուգահեռներ կարելի է տանել 1915-ի Հայոց ցեղասպանության և վերջին վայրագությունների միջև, որոնց ենթարկվել են հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Փալոնեն՝ հավելելով, որ ինքը շատ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի կապակցությամբ։
«Երկար ժամանակ Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները մատնացույց էին անում Ադրբեջանի և մասնավորապես երկրի նախագահի ռազմական հռետորաբանությունը։ Երկար ժամանակ գնդակոծություններ և սպանություններ էին տեղի ունենում, իրավիճակը վատանում էր, լուրջ բախումն անխուսափելի էր թվում։ Եվ ահա տեղի ունեցավ ամենախոշոր բախումը լուրջ զինատեսակներով»,- նշել է Փալոնեն՝ ասելով, որ ԱՄՆ-ը պետք է սանձահարի Ադրբեջանին և նրան վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ։ «Իսկ դրանից հետո անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հասնել, որը հնարավորություն կտա Ղարաբաղին միանալ Հայաստանին կամ կայանա որպես անկախ պետություն»,- եզրափակել է կոնգրեսականը։