Երեկ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները ևս մեկ անգամ անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտությանը՝ շեշտելով հրադադարի պահպանման կարևորությունը և սահմաններին ցանկացած տեսակի բռնության անթույլատրելիությունը: Կարևոր է փաստել, որ պետդեպարտամենտի խոսնակն անդրադարձել է հակամարտության խնդրին ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ ամենօրյա ճեպազրույցների ընթացքում՝ ուղղակի պատասխանելով լրագրողի հարցին: Այս հանգամանքը նույնպես խոսում է այն մասին, որ ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա, ԱՄՆ շարունակում է մնալ պասիվ դիտորդի դերում՝ բավարարվելով միայն պաշտոնական և ոչ հասցեական հայտարարություններով կամ լավագույն դեպքում պաշտոնական հեռախոսազանգերով: Իսկ ի՞նչով կարող ենք բացատրել ԱՄՆ նման կեցվածքը և ի՞նչի կարող է դա հանգեցնել:
Պատճառների շարքում կարող ենք առանձնացնել մի շարք օբյեկտիվ փաստեր: Առաջին, ԱՄՆ-ում ներկայումս ընթանում են նախագահական ընտրություններ, ինչն ԱՄՆ իշխանություններին ստիպում են պակաս ուշադրություն դարձնել հարակից խնդիրներին, որոնք հակառակ դեպքում ավելի մեծ ուշադրության կարժանանային նրանց կողմից: Երկրորդ, ակտիվ զարգացումներ են ընթանում ուկրաինական և սիրիական ճգնաժամերի շուրջ, որոնք իրենց հերթին նույնպես ստիպում են ԱՄՆ իշխանություններին բաշխել ուշադրությունը: Պատճառների շարքը կարող ենք իհարկե շարունակել:
Սրանք գործոններ են, որոնք ի թիվս այլնի՝ պատճառ հանդիսացան, որ ԱՄՆ-ը մասամբ աչք փակի ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի վրա: Ադրբեջանն, անկասկած, նախապես հաշվարկել էր այս փաստը:
Արդյոք այս պատճառներն արդարացնո՞ւմ են Ղարաբաղյան հիմնահարցում ԱՄՆ նման պասիվ պահվածքը: Իհարկե՝ ոչ: Նման տեսակետը հիմնավորելու համար բավարար է միայն նշել, որ Ադրբեջանը սկսեց իր նախահարձակ գործողություններն անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում տեղի ունեցան Ադրբեջանի նախագահի հանդիպումները ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ (ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն, պետքարտուղար Ջոն Քերի): Այս հանդիպումներից հետո սահմաններին ագրեսիա հրահրելն Ադրբեջանի կողմից ուղղակի ապտակ էր ԱՄՆ-ին:
Ասվածն առավել ակնհայտ է դառնում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը հանդիսանում է հակամարտության անմիջական միջնորդ, Մինսկի խմբի համանախագահող երկիր: Միամտություն կլինի պնդել, որ ԱՄՆ-ի համար միանշանակ չէր, թե ով էր չորսօրյա պատերազմ հրահրողը: Այս դեպքում, ԱՄՆ-ն, գոնե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իր հեղինակությունը պահելու համար, պետք է կոշտ արձագանքեր Ադրբեջանի՝ իրեն վարկաբեկող նման քայլին:
Ամփոփելով՝ կարևոր է հավելել, որ ԱՄՆ նման պահվածքը նաև հնարավորություն է ստեղծում միջնորդ մյուս կողմերի համար մոնոպոլիզացնելու հակամարտության կարգավորման գործընթացը: Սա առաջին հերթին չի կարող բխել հենց ԱՄՆ շահերից, քանի որ դա նահանջ է Սովետական միության փլուզումից ի վեր վերջինիս որդեգրած քաղաքականությունից, որով նա փորձում էր ամեն կերպ ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում: