Գերմանիայի «Կանաչների» (Die Grüne) կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը DW TV-ի «Conflict Zone» հաղորդման ընթացքում համոզմունք է հայտնել, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է ermenihaber-ը:
«Հունիսի 2-ին՝ 100 տարի շարունակ Հայոց ցեղասպանությունը ժխտելուց հետո, Գերմանիայի դաշնային խորհրդարանը որոշում պիտի կայացնի այն մասին, որ դա ցեղասպանություն է եղել և Գերմանիան էլ, որպես Օսմանյան կայսրության դաշնակից, նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում դրա համար», -ասել է պատգամավորը:
Օզդեմիրը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը մշակվել է «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցության հետ համատեղ՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունն ընդունի, որ հայերի սպանությունը հենց ցեղասպանություն է եղել: