Ապրիլի կեսին Հայաստան ժամանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որի այցի կարևորագույն սպասումներից է ռուսական գազի գնի փոփոխությունը: Սպասումներն արդարացան. սահմանին գազի գինը նախկին 165 դրամի փոխարեն դարձավ 150 դրամ, ինչից հետո սկսին տարաբնույթ քննքրկումներ սպառողի համար գազի հնարավոր նոր գնի վերաբերյալ:
Ապրիլի 27-ին «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրեց, որ սպառողի համար սակագինը նվազեցնելու հայտով կդիմի ՀԾԿՀ: Խոսքը վերաբերում է սպառողների համար սակագնի 5.9 տոկոսանոց, իսկ խոշոր սպառողների համար՝ 7 տոկոսանոց նվազման մասին:
Հասկանալի է, որ թեև վերջնական որոշում չկա, սակայն գազի սակագինն, ամենայն հավանականությամբ կնվազի:
Նոր սպասվող սակագնի համաձայն՝ փոքր բաժանորդների, այդ թվում՝ բնակչության համար, հազար խորանարդ մերտի համար ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն նախատեսվում է հաստատել նոր՝ 146 հազար 700 դրամ սակագին: Սա նշանակում է, որ գազի սակագինը կնվազի 9 հազար 300 դրամով կամ որ նույնն է՝ 5,9 %-ով: Խոշոր բաժանորդների համար (ամսական 10 հազար խոր. մետրից ավել) առաջարկվում է գազի սակագինը նվազեցնել 7 %-ով:
Այժմ անդրադառնանք մեր հանրությանը հուզող հարցին, թե արդյոք սպառողի համար կատարվող նվազեցումները համաչափ կլինեն սահմանին արձանագրված նվազեցումներին: Հիշեցնենք, որ սահմանին գազի սակագինը նվազել է 9%-ով: Ներքին սպառողի համար իջեցնումը դիտարկված է երկու խմբի համար՝ փոքր և խոշոր սպառողների: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իջեցումը սահմանին ու սպառողների համար համաչափ չէ, սակայն քննարկումների ու գնահատականի հարցում պետք է զսպվածություն դրսևորել երկու պատճառով՝ առաջին հերթին ՀԾԿՀ կողմից մենք չունենք նոր սակագների հաստատման մասին հաղորդագրություն, և երկրորդ՝ հայտնի չեն ընկերության կողմից առաջարկվող նվազեցումների հաշվարկների տրամաբանությունը:
Ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին, ապա սա ևս պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Գազի անհատ սպառողների մակարդակով միջին ընտանիքը գազի վրա ծախսվող կոմունալի 5.9 տոկոսանոց խնայում կապահովի, ինչն առանձնապես տեսանելի կլինի ձմռան ամիսներին: Իսկ խոշոր սպառողները՝ որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն տնտեսվարող սուբյեկտները, կունենան 7 տոկոսանոց խնայողություն, ինչը թեև ավելի փոքր, բայց այնուամենայնիվ սպառողական ապրանքների գնանկման: Սա իր հերթին դոմինոյի էֆեկտ կունենա շուկայում գնային ընդհանուր պատկերի վրա: