Amnesty International միջազզգային իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսել՝ ի պաշտպանություն Ադրբեջանում ազատազրկման դատապարտված «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի:
Կազմակերպությունը միջազգային ԶԼՄ-ներին կոչ է արել Բաքվում առաջիկայում տեղի ունենալիք Formula-1 մրցումների լուսաբանումներում դրանք օգտագործել Իսմայիլովայի դատական գործի մասին ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու համար:
Amnesty International-ն այդ առնչությամբ դիմել է իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում իր գործընկերներին և բոլոր շահագրգիռ անձանց՝ կոչ անելով էլեկտրոնային նամակներ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին`պահանջելով անհապաղ ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային։
Նշենք, որ Իսմայիլովան աշխարհի ամենահայտնի քաղբանտարկյալներից է: Նրա ազատ արձակման հարցը բարձրացնում են ոչ միայն իրավապաշտպան կազմակերպություններն, այլ նաև ԵՄ և ԱՄՆ-ի բարձրագույն իշխանությունները: Իսկ այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Իսմայիլովայի շահերի պաշտպանությունը ստանձնեց հայտնի փաստաբան Ամալ Քլունին, Ադրբեջանի բռնապետական ռեժիմի մասին իմացան նույնիսկ Հոլիվուդում: Այսպես, Ամալ Քլունիի ամուսինն՝ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին, Երևան կատարած այցի ժամանակ նշել էր, որ իր ծծնդյան տարեդարձի լավագույն նվերը կլինի այն, որ Խադիջա Իսմայիլովան ազատ արձակվեր:
Այսպիսով, Ադրբեջանի հերթական փառահեղ և բավականին թանկարժեք գովազդային ակցիան մեծ շանսեր ունի արժանանալու նախորդ նման ակցիաների ճակատագրին՝ վերածվել այդ երկրի հակագովազդի, ինչը որ տեղի ունեցավ Եվրատեսիլի և Եվրախաղերի դեպքում: Հավանաբար եթե Իսմայիլովան շարունակեր իր մասնագիտական գործունեությունը՝ Ալիևյան կլանի հանցավոր ռեժիմի մասին գրելով, ավելի քիչ աղմուկ կբարձրացներ և չէր կարողանա միջազգային հանրությանը հասցնել Բաքվի բռնապետական ռեժիմի մասին ճշմարտությունը: Ադրբեջանական իշխանությունները, իրենք չգիտակցելով դա, լուրջ «աջակցություն» են ցուցաբերում Իսմայիլովայի սկսած գործին:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով և հետո «խոշոր չափերի յուրացում և զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներով 2015 թվականի սեպտեմբերին դատապարտվել 7,5 տարվա ազատազրկության: