Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը վատթարանում է, և դա մտահոգում է եվրոպական երկրներին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` հղում կատարելով Հունաստանում դիվանագիտական իր աղբյուրին:
Բրյուսելի և Անկարայի միջև կայացած համաձայնագրից ելնելով` Հունաստանը Թուրքիա է վերադարձրել անօրինական միգրանտներին: Այդ փաստը հարուցել է իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը, քանզի Թուրքիայում ոտնահարվում են փախստականների և միգրանտների իրավունքները:
Հարցին, թե կա՞ն արդյոք Թուրքիայի կողմից փախստականների իրավունքները խախտելու տվյալներ, դիվանագիտական աղբյուրը պատասխանել է. «Թուրքիայում չեն հարգում սեփական քաղաքացիների իրավունքներն, ուր մնաց միգրանտների: Թուրքիան չի դրսևորում իրեն որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն: Այդ երկիրն ավելի ու ավելի է անկում ապրում մարդու իրավունքների պաշտպանության առումով»:
Աղբյուրը, մասնավորապես, նշել է քրդերի դեմ իրականացվող ճնշումները, լրագրողների և ընդդիմադիր գործիչների հետապնդումները, լրատվամիջոցները փակելը: «Հենց այս օրերին ձերբակալվել է հոլանդացի լրագրող»,- հիշեցրել է անանուն աղբյուրը: