Բաղդադում շիա ցուցարարները նախօրեին երեկոյան լքել են «Կանաչ գոտին», որտեղ տեղակայված են պետական հաստատությունները և դեսպանատները, և որը առանձնահատուկ կերպով է վերահսկվում:
Ցույցի կազմակերպչական կոմիտեում հստակեցնում են, որ ցույցի դադարեցման մասին որոշումը կապված է ուխտագնացության հետ, որը պետք է կատարեն իսլամի շիա ուղղության հետևորդներն այս օրերին: Միևնույն ժամանակ ցուցարարները խոստացել են վերադառնալ մեկ շաբաթ անց, եթե իրենց ներկայացրած քաղաքական պահանջները չկատարվեն: Ցուցարարներն իշխանություններից պահանջում են արդյունավետ պայքար իրականացնել կոռուպցիայի դեմ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իրենք կգրավեն երկրի ուժային երեք ստորաբաժանումների շտաբ բնակարանները և կպահանջեն արտահերթ ընտրությունների անցկացում:
Հիշեցնենք, ապրիլի 30-ին շիական առաջնորդ Մուքթադ աս-Սադրի գլխավորությամբ Բաղդադի «Կանաչ գոտում» ցույց էին սկսել, որի ժամանակ գրոհով վերցրել էին խորհրդարանի շենքը: Տեղի լրատվամիջոցները հաղորդում էին, որ հարձակման արդյունքում մի շարք պատգամավորներ տարբեր վնասվածքներ են ստացել: Ցուցարարները խորհրդարանի շենքը լքել են միայն մայիսի 1-ին: Նշենք, որ բողոքի ցույցի համար առիթ է հանդիսացել խորհրդարանի նիստի հերթական հետաձգումը, երբ խորհրդարանը չկարողացավ քվեարկել կառավարության նոր կազմի համար:
Ցուցարարները կոռուպցիայի փաստերի հետ կապված կոչ են արել նախարարներին հրաժարական տալ, ինչպես նաև հրաժարվել կրոնադավանական սկզբունքով իշխանական մարմիններ ձևավորելուց: Նրանք աջակցում են այս տարվա սկզբին վարչապետ Հայդեր ալ-Աբադիի կողմից առաջարկված կոռուպցիայի դեմ պայքարի համար բարեփոխումների փաթեթին, որը նախատեսում է կադրային վերադասավորումներ իրականացնել կառավարությունում: Սակայն, վերջինիս կազմի շուրջ խորհրդարանում առկա տարաձայնությունների պատճառով այդ բարեփոխումներն անընդհատ հետաձգվում են:
Հարկ է նշել, որ կոռուպցիայի խնդիրը բավականին լուրջ է Իրաքի համար. Transparency International կազմակերպության տվյալներով՝ ներկայումս Իրաքը կոռուպցիայի մակարդակով 168 երկրների շարքում զբաղեցնում է 161-րդ տեղը: Իշխանությունների կողմից հակակոռուպցիոն միջոցների չձեռնարկելու պարագայում երկիրը կարող է հայտնվել քաղաքական լուրջ ճգնաժամի մեջ, ինչը բացասաբար կանդրադառնա նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունավետության վրա: