Գերմանական Շտուտգարտ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ իրականացվող բողոքի ակցիայի մասնակից մոտ 400 ակտիվիստի:
Բանն այն է, որ Գերմանիայի ծայրահեղ աջերի կուսակցությունը Շտուտգարտում համաժողով է անցկացրել, որի ընթացքում հակաիսլամական բնույթի հռչակագիր է ներկայացրել և հերթական անգամ հանդես եկել միգրանտների հոսքի նվազեցման օգտին:
Ցույցի մասնակիցները, սակայն, փորձել են արգելափակել համաժողովի անցկացման վայրի մուտքը: Սկզբում ցույցը խաղաղ է ընթացել՝ «լայն ճակատով՝ ընդդեմ ռասիզմի և հալածանքների» կարգախոսով: Այնուհետև որոշ մասնակիցներ սկսել են քարեր, շշեր և ճայթռուկներ նետել ոստիկանների կողմը: Հավաքվածներից շատերը իրենց դեմքը ծածկել են դիմակներով:
Ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցաններ: Արդյունքում տուժել են մեկ ցուցարար և երկու ոստիկան:
Ըստ ոստիկանության, ցույցին մասնակցել է ընդհանուր առամամբ 800-900 մարդ: Այսպիսով, ոստիկանությունը ձերբակալել է մասնակիցների գրեթե կեսին: Իսկ ցույցը ցրող ոստիկանների թիվը հասել է մոտ հազարի:
Հիշեցնենք, որ հակաիսլամական հռետորաբանությունը Գերմանիայում ի սկզբանե եկել է Պեգիդա կոչվող զանգվածային շարժումից, որը սկսվել է Գերմանիայի արևելյան Դրեզդեն քաղաքում, ապա նաև տարածվել այլ գերմանական քաղաքներում:
Սակայն, միայն Պեգիդան և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը չէ, որ այսօր դրսևորում են տալիս «նեոնացիստական» մոտեցումներ: Ազգայնական տրամադրությունների բարձրացմանը մենք ականատես ենք լինում բազմաթիվ այլ եվրոպական երկրներում ևս:
Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները եվրոպական մի շարք երկրներում ցույց են տալիս լիարժեք պատկերացում այսօրվա «Ազգայնական Եվրոպայի» վերաբերյալ:
Շվեյցարիայում, օրինակ, Ժողովրդի կուսակցությունը ստացել է 29% ձայն ընտրություններին, իսկ Ավստրիայի Ազատության կուսակցությունը ստացել 21% ձայն: Նույն 21%-ը ստացան նաև Դանիայի Ժողովրդի կուսակցությունն ու Հունգարիայի Ջոբբիկ կուսակցությունը:
«Ֆիններ» կուսակցությունը ստացել է 18% ձայն Ֆինլանդիայի վերջին խորհրդարանական ընտրություններին, իսկ Ֆրանսիայի Ազգային ճակատն իր հերթին ստացել է քվեների 14%-ը: 13% ձայն են հավաքել Շվեդիայի Դեմոկրատները և 10%՝ Ազատության կուսակցությունը Նիդեռլանդներում:
Հաշվի առնելով ազգայնական ուժերի նման հաջողությունները եվրոպական տարբեր երկրներում՝ միանշանակ կարող ենք նշել, որ այժմ աջ պոպուլիստական խմբավորումների հակամիգրացիոն և եվրոսկեպտիկ կոչերն ու կարգախոսները լսելի են ողջ եվրոպական մայրցամաքում:
Իհարկե, վերոնշյալ կուսակցություններից որոշները գոյատևում և ժողովրդականություն էին վայելում դեռևս 2000 թվականին, բայց այժմ նրանց գաղափարներն ու մոտեցումներն ստեղծում են բավական ուժեղ հոսանք, որն աստիճանաբար Եվրոպան տանում է դեպի ծայրահեղ ազգայնականություն…