Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական է ներկայացրել: Նրա խոսքով՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից հրաժարվելն իր որոշումը չէր, այլ ուղղակի անհրաժեշտություն էր:
Ըստ ավանդույթի՝ Թուրքիայում իշխող կուսակցության ղեկավարը նաև զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: ԱԶԿ կառավարող խորհուրդն ապրիլի վերջին, նախագահ Էրդողանի ճնշման տակ, որոշում էր ընդունել այն մասին, որ կուսակցության տեղական ղեկավարների նշանակման լիազորությունը կուսակցության ղեկավարից անցնում է խորհրդին:
«Այդ որոշումն ինձ համար այդքան էլ կարևոր չէր, սակայն դրա ընդունման մեթոդի հետ ես չեմ կարող հաշտվել: Անհրաժեշտ էր վերլուծել դրա հնարավոր բոլոր հետևանքները: Կուսակցության ղեկավարության շրջանում չկա համաձայնություն և ինձ մոտ ստեղծվել էր տպավորություն, որ նրա արդյունավետ գործունեության շարունակման համար անհրաժեշտ է փոխել ղեկավարին: Դա իմ որոշումը չէր, այլ անհրաժեշտություն էր: Ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ որպես ԱԶԿ պատգամավոր»,- հայտարարել է Դավութօղլուն՝ Անկարայում կայացած բրիֆինգի ժամանակ:
Թուրքիայի արդեն նախկին վարչապետն ավելացրել է նաև, որ վիրավորված չէ իր կուսակցական գործընկերներից և իրենից «ոչ-ոք չի լսի որևէ վատ խոսք Էրդողանի հասցեին», քանի որ ինքը կպահպանի հավատարմությունը նախագահին: