Թուրքիայում ներքաղաքական անկայունությունը շարունակում է խորանալ: Քրդական գործընթացի տապալմանը, ահաբեկչությունների վտանգին, լրատվամիջոցների սահմանափակումներին, մարդու իրավունքների լայնածաված ոտնահարումներին և նման բազում այլ խնդիրներին միանում են նաև իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներսում և պետական համակարգում տեղի ունեցող խմորումները:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռանում է ԱԶԿ նախագահի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնից, իսկ մայիսի 22-ին կայանալու է ԱԶԿ-ի արտահերթ նիստ կուսակցության նոր նախագահ և վարչապետ ընտրելու համար: Հավանական թեկնածուների շարքում է նաև Էրդողանի փեսան՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Դավութօղլուն պնդում է, որ ԱԶԿ նախագահի պաշտոնը թողնելն իր որոշումը չէ, այլ անհրաժեշտություն է: Իսկ Էրդողանը հայտարարում է, որ հրաժարականի որոշումը եղել է հենց Դավութօղլուինը:
Ավելի ուշ թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի և վարչապետի միջև որոշակի տարաձայնություններ կան՝ հրաժարվելով նշել այդ պատճառները: Միաժամանակ նա ընդգծեց, որ այնտեղ, որտեղ կառավարման խորհրդարանական համակարգ և ուժեղ նախագահ կա, տարաձայնությունների առկայությունը բնական է:
Այն, որ Էրդողանն ու Դավութօղլուն չեն կարողանալու միասին աշխատել, վերլուծաբանները կանխատեսում էին դեռ 2014 թվականին, երբ Դավութօղլուն նշանակվեց վարչապետի պաշտոնում: Ըստ էության, բոլորն էլ հասկանում էին, որ Էրդողանի նման հավակնոտ նախագահը չի կարող հաշտվել վարչապետի պաշտոնում ազդեցիկ գործչի կերպարի հետ:
Այնուամենայնիվ, որո՞նք են այն միջադեպերը, որոնք դարձան այդ տարաձայնությունների բացահայտման և Դավութօղլուի հրաժարականի պատճառը: Al-Monitor-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:
Արդյունքում, Էրդողանը պարզապես չի ցանկացել հաշտվել Դավութօղլուի՝ ազդեցիկ վարչապետի կերպարի հետ, ինչը կարող էր ստվերում թողնել նրան: Էրդողանն ամեն ինչ անում է Թուրքիայում ողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար, իսկ Դավութօղլուի քաղաքականությունն այս տրամաբանության մեջ չի տեղավորվում: Պատահական չէ, որ Էրդողանն ամեն ինչ անում է որքան հնարավոր է շուտ նոր Սահամանդրություն ընդունելու և երկրում նախագահական համակարգ մտցնելու համար, ինչը նրան հնարավորություն կտա մեկընդմիշտ ազատվել ազդեցիկ վարչապետի պաշտոնից՝ դառնալով Թուրքիայի միանձնյա ղեկավար: Սա նշանակում է, որ առաջիկայում ականատես ենք լինելու Թուրքիայում Էրդողանի ավտորիտար իշխանության ամրապնդման: