ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հնարավոր ճանաչման վերաբերյալ արդեն մի քանի օր է, ինչ բավականին ակտիվ քննարկումներ են ընթանում թե´ հայկական, թե´ միջազգային լրատվամիջոցներում: Այս խոսակցություններն էլ ավելի ակտիվացան «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության հրապարակումից հետո:
ԶԼՄ-երի մեծ մասը (թե´ հայկական, թե´ արտասահմանյան) կառավարության կողմից օրինագծի վերաբերյալ եզրակացությանը տված հավանությունը, անգամ եզրակացությանը չծանոթանալով, սխալաբար ներկայացրեց որպես կառավարության կողմից նախագծին դրական եզրակացություն, ինչն, ըստ էության, խեղաթյուրում էր իրականությունը:
Հատկանշական է, որ եզրակացությունում նշվում է, որ կառավարությունն այս նախագծի ընդունումը «պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները», այլ կերպ ասած՝ ԼՂՀ ճանաչումն այս պահին նպատակահարմար չէ, և այն դիտարկվում է որպես հետագա հնարավոր զարգացումների արդյունք, այդ թվում՝ պայմանավորված արտաքին գործոններով:
Ապրիլյան քառօրյա պատերազմի շրջանում շատերի մոտ ստեղծվել էր այնպիսի տպավորությունն, թե եկել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու ամենահարմար պահը, և դա այս իրավիճակում կլինի մեր համարժեք պատասխանը: Չենք կարող բացառել, որ այս հանգամանքը ևս իր դերակատարումն ունեցավ կառավարության եզրակացության սխալ ընկալման հարցում:
Այս համատեքստում, սակայն, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ, ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ: Հայկական կողմերի առաջնահերթ նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, և պետք է զերծ մնալ ցանկացած քայլից, որն այդ գործընթացը կարող է մտցնել փակուղի: Հաշվի առնելով նման բացասական նախադեպի առկայությունը (Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը Թուրքիայի կողմից)՝ մեր հաշվարկներում անհրաժեշտ է առավել քան համոզված լինել, որ ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչումը չի դառնա միակը, այլ, ընդհակառակը, կդառնա ճանաչումների շարքի մի բաղադրիչ: Քանի դեռ չկան երաշխիքներ, ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման նպատակահարմարությունը կշարունակի մնալ վիճելի ինչպես բանակցային գործընթացի վրա նրա ազդեցության, այնպես էլ հայկական կողմերի դիրքերի ամրապնդման տեսանկյունից:
Երկրորդ, ստեղծված նոր իրավիճակում ՀՀ կողմից համարժեք քայլն արդեն իսկ արված է: Կա տրված հանձնարարական պատրաստել Հայաստանի և Արցախի միջև ռազմատեխնիկական փոխօգնության համաձայնագիր, որի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս համաձայնագիրն Արցախի համար կդառնա անվտանգության լրացուցիչ երաշխիք, ինչն իրավիճակի նման լարվածության պարագայում ունի էական նշանակություն: Այս համաձայնագիրը կփոխի իրավիճակ՝ ՀՀ-ԼՂՀ հարաբերությունները տեղափոխելով նոր հարթակ:
Այս ամենը վկայում է, որ ԼՂՀ անկախության ճանաչման նման կարևոր քայլը պետք է հիմնվի ռիսկերի և հնարավորությունների լուրջ հաշվարկների և սցենարային կանխատեսումների վրա: Այնուամենայնիվ, միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից հետագայում ցանկացած տիպի արկածախնդրության ձեռնարկման դեպքում այլ քայլ, քան ԼՂՀ ճանաչումն է, Հայաստանին չի մնա: