Թուրքիայում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անսպասելի հրաժարականից հետո ակտիվորեն քննարկում են նոր վարչապետի հնարավոր թեկնածությունը: ԶԼՄ-ները և փորձագիտական շրջանակները մասնավորապես նշում են Թուրքիայի նոր վարչապետի հնարավոր երեք անուն՝ տրանսպորտի նախարար Բինալ Յըլդըրիի, էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակի և փոխվարչապետ Նոման Քուրտմուշի անունները:
Սակայն, որպես ամենահավանական թեկնածու, նշվում է էներգետիկայի նախարարի անունը, ով «համատեղության կարգով» նաև էրդողանի փեսան է: Որոշ վերլուծաբաններ դեռ մինչև Դավութօղլուիի հրաժարականը նշում էին, որ Էրդողանն իր փեսային պատրաստում է երկրի իշխանական բուրգում կարևոր պաշտոն զբաղեցնելու: Նշենք, որ Ալբայրակը քաղաքական ասպարեզում հայտնվել է նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ դարձավ պառլամենտի անդամ: Այնուհետև, մի քանի ամսվա ընթացքում Ալբայրակին հաջողվել է զբաղեցնել էներգետիկայի նախարարի կարևոր պաշտոնը Դավութօղլուի կառավարությունում:
Ամեն դեպքում փորձագիտական շրջանակներում այժմ վստահ չեն Թուրքիայի նոր վարչապետի թեկնածուի կապակցությամբ, քանի որ Էրդողանն ամեն պահի կարող է անակնկալ մատուցել: Վերլուծաբանները չեն բացառում նաև, որ Էրդողանը կարող է այս առիթն օգտագործել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար՝ հույս ունենալով արդյունքում ընդդիմության շարքերը նոսրացնելու:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ Թուրքիայի նոր վարչապետը պետք է լինի «աչքի չընկնող» քաղաքական գործիչ, ով չի կարող վտանգ ներկայացնել Էրդողանի միանձնյա իշխանության համար, ինչպես Դավութօղլուն: Վերջին շրջանում Դավութօղլուն նախատեսված տեխնիկական ֆիգուրից վերածվել էր Էրդողանի միանձնյա իշխանության համար որոշակի սպառնալիքի. լրատվամիջոցների կարծիքով՝ Դավութօղլուի հրաժարականի պատճառ են դարձել Էրդողանի հետ ներքին և արտաքին քաղաքականության հարցում ունեցած նրա տարաձայնությունները: Մասնավորապես՝ Դավութօղլուն ընդդիմացել է քրդական հարցի կարգավորման Էրդողանի տարբերակին և երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Այս տարաձայնությունները փորձագիտական շրջանակների համար առավել ակնհայտ դարձան, երբ ապրիլի վերջին Արդարություն և զարգացում կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստի որոշմամբ Դավութօղլուն՝ կուսակցության առաջնորդը, զրկվեց տարածաշրջանային մասնաճյուղերի առաջնորդներին նշանակելու իրավունքից:
Նման պայմաններում վերջինս «նախընտրեց» հրաժարական տալ: «Կուսակցության ուղեղը» հանդիսացող քաղաքական գործչի համար ուղղակի խամաճիկի լինելն անընդունելի էր:
Փորձագետների կարծիքով՝ Դավութօղլուի հրաժարականը կհանգեցնի Թուրքիայի քաղաքական գծի էլ ավելի կոշտացման: Արևմտյան փորձագետները նշում են, որ Էրդողանն Արևմուտքի համար իրավիճակի հարկադրված գործընկեր է, մինչդեռ Դավութղլուի հետ հնարավոր էր խելամիտ բանակցություններ վարել և ինչ-որ կերպ ազդել Անկարայի քաղաքականության վրա: Իսկ Դավութօղլուի հեռանալուց հետո միջազգային հանրությունն Թուրքիայից սպասում է միայն Էրդողանի ավտորիտար ռեժիմի էլ ավելի ամրապնդում: