Օրերս Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել 46-ամյա լեյբորիստ Սադիկ Խանը, ով պատմության մեջ կմտնի որպես ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Եվրոպական միության տարածքում առաջին մուսուլման քաղաքապետը:
Էթնիկ պակիստանցի Խանը բանվորական ընտանիքից է՝ Լոնդոնի Թութինգ շրջանից, որն էլ ներկայացնում է Համայնքների պալատում վերջին 11 տարիներին: Նրա հայրը 25 տարի եղել է ավտոբուսի վարորդ, բազմազավակ ընտանիքի տեր, ով բնակվել է անապահովների համար նախատեսված բնակարարում:
Սադիք Խանն իրավաբան է, մասնագիտացած մարդու իրավունքների ոլորտում: 2008-09 թվականներին զբաղեցրել է տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնը: 2009-2010 թվականներին աշխատել է որպես տրանսպորտի նախարար:
2013 և 2015 թվականներին Խանը Մեծ Բրիտանիայի մուսուլմանների շրջանում ստացել է «տարվա քաղաքական գործիչ» անվանումը: Նրա նախընտրական ծրագրի հիմնական կետերն էին հանդիսանում բնակարանային ֆոնդի շինարարությունը, սոցիալական ոլորտի զարգացումը, հասարակական տրանսպորտային ծառայությունների գնաճի սահմանափակումը, ինչպես նաև Հիթրոու օդանավակայանի ընդարձակման պլանից հրաժարումը:
Խանը հաղթանակ է տարել իր հիմնական մրցակից, պահպանողական Զաք Գոլդսմիթիի նկատմամբ՝ ստանալով քվեների 57%-ը։ Սակայն, ուշագրավ է, որ Գոլդսմիթն, ով ի տարբերություն Խանի, բնիկ բրիտանացի է, մաքուր արիստոկրատ և միլիարդատեր, չի կարողացել իր քվեներով գերազանցել մուսուլման Խանին:
Սադիք Խանը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի լավ քաղաքապետ լինի բրիտանական մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ նրանց ծագումից:
«Խոստանում եմ միշտ լինել քաղաքապետ բոլոր լոնդոնցիների համար, աշխատել իմ լիարժեք ուժերով՝ բարելավելու Լոնդոնի յուրաքանչյուր բնակչի կյանքը՝ անկախ նրանց ծագումից», - հայտնել է նա:
Ներկայումս էթնիկ փոքրամասնությունները կազմում են Մեծ Բրիտանիայի բնակչության ավելի քան 30 տոկոսը: Լոնդոնում, մասնավորապես, մուսուլմանների թիվը հասնում է 650 հազարի: Թուրքերից հետո (250 հազ.) մուսուլմանների խոշորագույն էթնիկ խմբեր են կազմում հենց պակիստանցիները (240 հազ.), այնուհետև բանգլադեշցիները, իրաքցիները, հնդիկները, աֆղանցիները և այլն:
Հիմնական իսլամական կենտրոններ են համարվում Լամբեթի և Բրենթի մզկիթները, ինչպես նաև Հյուսիսային Լոնդոնի Իսլինգթոն թաղամասում գտնվող կենտրոնական մզկիթը:
Ըստ տարբեր փորձագետների՝ իրականում տարակուսելի ոչինչ չկա, որ Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել պակիստանյան ծագումով մուսուլման, քանի որ աշխարհաքաղաքական շահերի առումով աշխարհը վաղուց արդեն չի տրոհվում քրիստոնեական և մուսուլմանական հատվածների: