Ադրբեջանական իշխանությունների կողմից քաղբանտարկյալների նկատմամբ «բարության» անսպասելի դրսևորումը մարտին որոշակի հույսեր առաջացրեց, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հետ կապված վիճակն աստիճանաբար կարող է բարելավվել, սակայն ինչպես ասում է ժողովուրդը «կուզիկին միայն գերեզմանը կուղղի»: Այսօր Ադրբեջանի ՆԳՆ-ը հայտնել է նախօրեին ձերբակալված NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի մոտ թմրանյութեր հայտնաբերելու մասին: Սակայն, Բաքվի ձեռագրի հետ քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ իրականում երիտասարդ ակտիվիստներն, ամենայն հավանականությամբ, համալրելու են Ադրբեջանի քաղբանտարկյալների շարքերը, քանի որ այս երկրում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատող ակտիվիստներին, ընդդիմադիրներին և քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնական ակտիվիստներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտ նետելը:
NIDA երիտասարդական շարժումն այդ առնչությամբ հայտարարել է, որ Մամեդովի և Իբրահիմովի ձերբակալության իրական պատճառն այն է, որ մայիսի 10-ի գիշերը` Հեյդար Ալիևի ծննդյան օրը, նրա հուշարձանի պատվանդանին վերջիններս գրաֆիտ էին հեղինակել: Նրանք, մասնավորապես, հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն էին թողել. «Qul bayramınız mübarək!», որը նշանակում է «Ստրուկների տոնը շնորհավոր»: Ադրբեջանում այլախոհներն ու ընդդիմությունը հենց այսպես են անվանում Ծաղիկների տոնը, որը նշվում է Ալիև ավագի ծննդյան օրը:
Ալիևի բռնապետական վարչակարգի համար այս փորձը գրեթե հավասարազոր է հեղաշրջման փորձին, և, բնականաբար, պետք է պատժվի ամենայն խստությամբ: Սակայն, պաշտոնապես այդ արարքի համար երիտասարդ ակտիվիստներին կարելի է ներկայացնել խուլիգանության մեղադրանք, որի համար պատիժն այնքան խիստ չէ, ինչպես որ կցանկանային Բաքվում: Իսկ խոշոր չափերի թմրանյութեր պահելու մեղադրանքով երիտասարդներին 12 տարվա ազատազրկում է սպասվում:
Ադրբեջանական իշխանություններն այսկերպ հույս ունեն ճնշել այլախոհության ցանկացած դրսևորում: Սակայն, ինչպես ցույց է տալիս այս դեպքը, նույնիսկ 100 քաղբանտարկյալի առկայության պայմաններում, Ալիևի ռեժիմին չի հաջողվել ամբողջությամբ ճնշել քաղաքացիական հասարակությանը: