Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նախօրեին կայացած «Եվրատեսիլ 2016» միջազգային երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի՝ Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանելու հանգամանքին անդրադարձել է նաև Թուրքիայի առաջատար լրատվամիջոցներից «haberler.com» կայքը, փոխանցում է ermenihaber-ը:
Ըստ աղբյուրի՝ Եվրոպական հեռարձակման միության (EBU) ղեկավար Սիթցե Բեքքերը տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ծածանել է «Եվրատեսիլում» արգելված դրոշների թվին պատկանող մի դրոշ: Ուստի միջադեպը քննության է դրվել, այդ նպատակով հատուկ ժողով կհրավիրվի և, հնարավոր է, որ հայկական պատվիրակության համար որոշակի պատիժ սահմանվի: Սակայն Բեքքերը հավելել է, որ Հայաստանի որակազրկման հարցը չի քննարկվում:
Իսկ ելույթից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի «Ինչու՞ բարձրացրեցիք Ղարաբաղի դրոշը» հարցին Իվետա Մուկուչյանի տված պատասխանը թուրքական լրատվամիջոցը բնութագրել է որպես «հետաքրքիր արդարացում»: