Բելառուսն ու Ղազախստանը պահանջում են չեղարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում սահմանված մի շարք նորմեր, որոնք պետք է ուժի մեջ մտնեն առաջիկայում՝ պատճառաբանելով, որ դրանք ամբողջությամբ մշակված չեն: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Խոսքը գնում է ԵԱՏՄ շրջանակում մաքսակետում ապրանքի արժեքի սահմանման ժամանակ բիզնեսի համար առևտրային նախապատվությունների մասին:
Աղբյուրը նշում է, որ բիզնեսի ներկայացուցիչները մասամբ հարկադրված են սահմանը հատելիս չափազանց մեծ և չվերադարձվող գումարներ վճարել, ինչի արդյունքում վերջնական գնորդի համար ապրանքի գինն աճում է:
ԵԱՏՄ նոր կանոնները պետք է լուծեին այդ խնդիրները: Միության անդամները պայմանավորվել են, որ նույնիսկ հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում մաքսային վճարումները հնարավոր կլինի կատարել՝ ելնելով ներկրվող ապրանքների իրական արժեքից:
Սակայն, այս նորամուծություններից հրաժարվել են ԵԱՏՄ միանգամից երկու անդամներ՝ Բելառուսն ու Ղազախստանը: Նրանք նշում են, որ նոր կանոններում չափազանց շատ վիճելի հարցեր կան և պահանջում են վերանայել դրանք:
Հնարավոր շտկումները, հավանաբար, կքննարկվեն մայիսի 16-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում: