Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրն աստիճանաբար փակուղու առջև է կանգնեցնում: Արտաքին հարաբերություններում Թուրքիայի անհաջողություններին գումարվում են ներքաղաքական խնդիրները:
Թուրքիայում ներքին իրադրությունը հասկանալու տեսանկյունից հատկանշական է Էրդողանի՝ մայիսի 6-ին արած հայտարարությունը: Նա վստահեցնում է, որ Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի, որ ներկայիս խորհրդարանական համակարգը կփոխարինվի նախագահականով: Էրդողանի կարծիքով «դա անձնական շահ չէ, այլ խիստ անհրաժեշտություն»: Թուրքիայում ընթացող բոլոր ներքին զարգացումները բխում են հենց այս «անհրաժեշտությունից»: Ամեն ինչ արվում է այս նպատակի իրագործման համար, իսկ այդ ճանապարհին հայտնվող խոչընդոտները չեզոքացվում են: Դրա համար հմտորեն օգտագործվում է երկրում ստեղծված քաոսային իրավիճակը:
Թուրքիայում շարունակվում են լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումներն ու հետապնդումները: Բրիտանական Press For Freedom կազմակերպության վերջին զեկույցի համաձայն Թուրքիայում 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 894 լրագրող ազատվել է աշխատանքից: Ավելի քան 109,904 կայք արգելափակվել է: Աճել է լրագրողների նկատմամբ բռնության մակարդակը: Այս ընթացքում ավելի քան 200 հարձակում է գրանցվել լրագրողների վրա: Տասնյակ լրագրողներ ձերբակալվել են:
Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում շարունակվում են անվտանգության ուժերի գործողությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Այդ գործողություններին մասնակցում են ինչպես ցամաքային ստորաբաժանումներ, այնպես էլ կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարարը Թուրքիայի իշխանություններից պահանջել է թույլ տալ անկախ դիտորդներին մուտք գործել այս շրջաններ՝ հաշվի առնելով ստացվող տեղեկություններն իրականացվող հանցագործությունների մասին: Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է PKK-ի ավելի քան 4000 հազար ոչնչացված «ահաբեկչի» մասին: Ընդ որում, թուրքական մի շարք լրատվամիջոցների հաշվարկով այս գործողությունների հետևանքով ավելի քան 500 թուրք զինծառայող է զոհվել:
Երկրում կտրուկ աճել է ահաբեկչությունների թիվը: Մարտ-ապրիլ ամիսներին հաճախակի դարձած ահաբեկչությունները շարունակվում են: Այսօր Ստամբուլում հերթական պայթյունն է հնչել: Նախորդ նման միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 12-ին:
Մեծ աղմուկ է բարձրացրել նախօրեին տեղի ունեցած միջադեպը: Թուրքիայի ոստիկանությունը թույլ չի տվել Ազգային շարժում կուսակցության անդամներին անցկացնել նախատեսված համագումարը: Կուսակցության ընդդիմադիր թևը ցանկանում էր նոր ղեկավար ընտրել, որը կփոխարինի կուսակցության ներկայիս ղեկավարին: Euronews-ը նշում է, որ Էրդողանն աջակցում է կուսակցության ներկա ղեկավար Բահչելիին, ով հանդես է գալիս նախագահական լիազորությունների սահմանափակման դեմ: Հենց այդ պատճառով էլ իշխանությունները թույլ չեն տվել կուսակցության անդամներին նոր ղեկավար ընտրել:
Այս ողջ ներքաղաքական խառնաշփոթը բացասական ազդեցություն է ունենում Թուրքիայի տնտեսության վրա: Տարեկան աճի տեմպն արդեն սկսել է դանդաղել: Ինչպես նշում է Al-Monitor-ը, վերջին 50 տարիների ընթացքում Թուրքիայի տարեկան աճը միջինում կազմել է 4.5%, իսկ վերջին 4 տարիների ընթացքում կանգնել է 3%-ի վրա: Տնտեսագետները մտավախություն են հայտնում, որ այդ ցուցանիշը կարող է առաջիկայում ավելի շատ իջնել: