ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում հարցազրույց է տվել այցը լուսաբանող լրագրողներին՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքները: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Վիեննայում մայիսի 16-ին ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Իլհամ Ալիևի հետ: Ալիևի հետ ՀՀ Նախագահի հանդիպմանը մասնակցել են ինչպես ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ արտգործնախարարը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը, այնպես էլ երկու երկրների արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: