Մայիսի 16-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սա Սարգսյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր:
Ի՞նչ արդյունքներ արձանագրեց հանդիպումը:
Նախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նրանք վերահաստատել են, որ «հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Համանախագահող երկրները շեշտել են 1994 և 1995թ․ հրադադարի համաձայնագրերը պահպանելու կարևորությունը»։ Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և նրանց մոտեցումների մասով:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև համաձայնեցված կետերին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարության համաձայն դրանք կայանում են հետևյալում.
Հավելենք նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարը, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշեց նաև, որ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման պարամետրերի համաձայնեցման շուրջ աշխատանքը շարունակվելու է»: «Հավանաբար, հաշվի առնելով կողմերի միջև բավական լարված իրադրությունը՝ ստիպված կլինենք դա անել փուլ առ փուլ: Կարգավորման առաջին փուլի պարամետրերը համաձայնեցնելու հնարավորություն կա: Դրանք ձևակերպվել են ռուսական միջնորդության շրջանակներում, որը գործել է համանախագահների ընդհանուր մոտեցումներին համահունչ և ստացել է մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների աջակցությունը», - հայտարարեց Լավրովը: Նա նաև հավելեց, որ հիմքեր կան ենթադրելու, որ «հայ և ադրբեջանցի բանակցողները տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումներ»:
Ի՞նչ տվեց Վիեննայի հանդիպումն Ադրբեջանին:
Վիեննայում Ադրբեջանը ստիպված եղավ արձանագրել իր ռազմական արկածախնդրության տապալումը: Հարյուրավոր զոհերի գնով անգամ, Ադրբեջանը չկարողացավ հասնել իր ծրագրի իրագործմանը, որը հաստատ չէր կարող կայանալ նրանում, ինչ Ադրբեջանն ունի այսօր: Ադրբեջանը հույս ուներ սրընթաց պատերազմով առնվազն մի քանի շրջան գրավել և բանակցային սեղանին իր պայմանները թելադրել հայկական կողմերին:
Դա տեղի չունեցավ: Ընդհակառակը, Վիեննայի հանդիպումը ցույց տվեց, որ բանակցություններում զիջման գնացող կողմը հենց Ադրբեջանն է, որը երկար տարիների մերժումից հետո ստիպված եղավ համաձայնություն տալ հետաքննության մեխանիզմների ներդրմանը:
Ադրբեջանը ստիպված եղավ զիջել և իր համաձայնությունը տալ նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ինչը Վիեննայի հանդիպման գլխավոր պայմանավորվածություններից մեկն էր: Թեև այսօր ադրբեջանական կողմը փորձում է վիճարկել իր տված համաձայնությունը: «Անջեյ Կասպրշիկի լիազորությունների էական փոփոխություններ չեն կարող լինել: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ հարցում պարտավորություններ չենք ստանձնել», - հայտարարում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Ստացվում է, որ ադրբեջանական կողմը, ստիպված լինելով իր համաձայնությունը տալ այս կետին և, ըստ էության, պատրաստ չլինելով դրա կատարմանը, խուսափում է այդ մասին բարձրաձայնելուց ՝ փնտրելով այլ մեկնաբանություններ:
Ադրբեջանն, ըստ էության, վիճարկում է 1994 և 1995թ․ հրադադարի համաձայնագրերը պահպանելու կարևորությունը, որը շեշտադրվել է համանախագահող երկրների կողմից: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարում է, որ «Ադրբեջանը Վիեննայի հանդիպման ժամանակ համաձայնություն է տվել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը հետագա բանակցությունների շարունակման համար»: Այսինքն, Ադրբեջանն, ըստ էության, կրկին մատնացույց է անում ապրիլի 5-ին ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, այլ ոչ թե 1994 և 1995թ․ հրադադարի համաձայնագրերը՝ կրկին խուսափելով մինչև վերջ հայտարարել այդ մասին:
Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանը և նրա նախագահ Իլհամ Ալիևը ստիպված եղան ընդունել ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները: Ադրբեջանը եկավ այն գիտակցման, որ չի կարող Ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Դա հասկանում էին նաև Վիեննայի հանդիպման մասնակիցները:
Ադրբեջանում նաև հասկանում են, որ նման ռազմական արկածախնդրության դիմելու ևս մեկ հնարավորություն կարող է երկրորդ անգամ չտրվել: Ադրբեջանի գործողությունների վրա աչք փակելու, ուշ արձագանքելու և այլնի համար ներդրված քաղաքական, ռազմական, ֆինանսական և այլ ռեսուրսների վերականգնումը ևս հեշտ չի լինելու:
Ինչ վերաբերում է Վիեննայի հանդիպման այն արդյունքներին, որոնք Ադրբեջանն իր համար կարող է դրական համարել, ապա դրանք կայանում են հետևյալում:
Ադրբեջանը չպատժվեց ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսելու համար: Նրան առնվազն չստիպեցին իր զորքերը հետ քաշել մինչև ապրիլի 1-ը եղած դիրքերը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման անհրաժեշտությունը չամրագրվեց (ընդամենը վերահաստատվեց հավատարմությունը հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը): ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, փորձելով գոհացնել կողմերին, կրկին խուսափեցին հասցեական հայտարարություններից՝ ագրեսորի համար չսահմանելով համապատասխան պատիժ: Ադրբեջանում, սովորության համաձայն, սա կարող է ընկալվել որպես «կանաչ լույս» հետագայում ևս նման արկածախնդրությունների դիմելու համար: