Հիմնական ուղղությունները, որոնք գրավում են ամերիկյան ձեռնարկատերերին Հայաստանում, սպառողական ապրանքների ոլորտն է, ՏՏ և ճարտարագիտությունը: Այդ մասին ասվել է մայիսի տասնութին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Հայ-ամերիկյան առևտրային պալատի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կոնվերսբանկի» նախաձեռնությամբ անցկացված հայ-ամերիկյան գործարար համաժողովի ժամանակ:
Համաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, էներգետիկայի, սպառողական ապրանքների, արտադրական և քիմիական արդյունաբերության ոլորտի տասնյակ ամերիկյան կորպորացիաների ներկայացուցիչներ, ինչը հայ գործարարներին հնարավորություն է տվել ծանոթանալու հայտնի ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են և ցանկանում են մուտք գործել ու ընդլայնել իրենց ներկայությունը հայաստանյան շուկայում:
Համաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական այլ կառույցների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆոնդային բորսայի, ՎԶԵԲ-ի, ԱՄՀ-ի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում հայկական բիզնես-համայնքի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են Հայաստանում ներդրումային հնարավորությունները, պայմանները: Ամերիկյան կողմից ևս եղել են համագործակցության առաջարկներ: Ինչպես երևում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերից, ով ևս մասնակցել է համաժողովին, հիմնական ուղղությունները, որոնք գրավում են ամերիկյան ձեռնարկատերերին, հանդիսանում են սպառողական ապրանքների ոլորտը, ՏՏ և ճարտարագիտությունը: Բայց ամենից զատ, ամերիկյան ներդրողների կողմից կարևորվում է հետխորհրդային երկրների հետ աշխատանքը, քանի որ համաժողովով առավելապես հետաքրքված են հետխորհրդային շրջաններում աշխատանքի հարուստ փորձ ունեցող ձեռնարկատերերը, ովքեր իրենց փորձն ուզում են ներդնել ՀՀ-ում:
Պետք է նշել, որ համաժողովն անմիջական կապ ունի հայ-ամերիկյան Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի հետ, մասնավորապես հանդիսանում է համաձայանգրի ներքո դեռևս նախորդ տարի Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի պայմանավորվածությունը: Համաժողովը կարող է համարվել հայ-ամերիկյան շրջանակային համաձայանգրի կիրառման առաջին քայլ: