Բրիտանական Spectator ամսագիրն ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծության մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է РИА Новости-ն:
Թուրքիայի նախագահի մասին քառատողը նախկին քաղաքապետը ներկայացրել է շվեյցարական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, այն վերաբերել է «սիրուն, որը ծաղկել է թուրք նախագահի և այծի միջև»: Ջոնսոնը նշել է, որ նա, ով ցանկանում է կոպիտ կատակ անել Թուրքիայի նախագահի հասցեին, պետք է հնարավորություն ունենա անելու դա ցանկացած եվրոպական երկրում:
Մրցույթում հաղթանակի համար նախկին քաղաքապետը կստանա 1000 ֆունտ ստեռլինգ:
Բրիտանական ամսագիրը մրցույթը սկսելու մասին հայտարարել էր գերմանացի երգիծաբան և հաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ ուղիղ եթերում Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն կարդալու պատճառով քրեական հետաքննություն սկսելուց հետո: