ՀՀ կառավարությունը՝ տնտեսմանն ուղղված գործողությունների շրջանակում առաջին փուլում կկրճատի 797 ծառայողական մեքենա: Այդ մասին այսօր հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Փոքր-ինչ մանրամասնեմ՝ մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ՝ բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից, բոլոր առընթեր մարմինների հետ՝ բացառությամբ Ոստիկանության, Ազգային անվտանգության և Քննչական ծառայություններից, ինչպես նաև Փրկարար ծառայությունից: Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՓՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա»:
Հարությունյանը հավելել է, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անցկացնելու ավտոմեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ, և պետական մարմինների կայքերում պետք է տեղեկատվություն զետեղվի բոլոր ծառայողական մեքենաների վերաբերյալ, թե տվյալ մեքենան ում է սպասարկում, ինչպես նաև նշվի մեքենայի մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը և պետական համարանիշը: