Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին, հայտնում է ԼՂՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Ստորև հայտարարության ամբողջական տեքստը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված
ցեղասպանությունը դատապարտելու մասին
- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
- Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,
- Արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները
Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ
19 մայիս, 2016թ.
ք. Ստեփանակերտ