ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ողջունելի է համարում ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հայտարարությունը, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման փուլում Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, սակայն հակադարձում է, որ այն չպետք է լինի փուլային, հայտնում է Artsakhpress-ը:
«Կա երկու մոտեցում, ողջունում եմ, որ արդեն բացեիբաց խոսում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սա ողջունելի է, և այն, որ Պոպովն ասում է, որ մենք` ղարաբաղցիներս ենք ապրելու այդտեղ, հետևաբար, պետք է տնօրինենք մեր ճակատագիրը, բայց Արցախի մասնակցությունը բանակցային պրոցեսին պետք է լինի համապարփակ, ոչ թե միանանք ինչ-որ փուլի: Մենք պետք է մասնակցենք ցանկացած հարցի շուրջ մտքերի փոխանակումից մինչև ինչ-որ բանաձևերի, մոտեցումների ամրագրում, փաստաթղթերի կազմում, ընդհանրական մոտեցումներ ձևավորելու»,– նշեց Դավիթ Բաբայանը: