Մայիսի 20-ին կայացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:
Եթե փորձենք ամփոփ ներկայացնել նիստի արդյունքները, ապա դրանք կարելի է բաժանել երեք հիմնական առանցքների: Դրանք են՝ նավթամթերքների միասնական շուկայի, մաքսային համատեղ օրենսգրքի ձևավորումն ու ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություրնների սերտացման հետ կապված հարցերը:
Առաջին երկու որոշումները Միության ներքին գործընթացներին առնչվող հարցեր են և այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում, ենթադրվում է, որ պիտի ենթարկվեին տրանսֆորմացիայի՝ անդամ երկրների համար միասնականացման տեսքով: Սա, բնականաբար, չի նվազեցնում վերջիններիս կարևորությունն ու նշանակությունն անդամների համար: Ճիշտ հակառակը՝ դրանք ԵԱՏՄ-ի, որպես տնտեսական ինտեգրացիոն միության, գործնականում «լեգիտիմացնող» նշանակություն ունեն: Այլ խոսքերով՝ տնտեսական միության մեխանիզմներն են գործի գցում, ինչն, անշուշտ, դրականորեն կազդի անդամ երկրների տնտեսությունների վրա: Այս դեպքում՝ ակնկալվում է համատեղ առևտրաշրջանառության աճ և նավթ չունեցող երկրների համար նավթային շուկաներին հասանելիության բարձրացում: Վերջին հարցադրումը հատկապես առնչվում է Հայաստանին: Պետք է նշել, որ այս որոշումների մասով վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Մինսկում կայանալիք ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստին:
Մինչդեռ հատուկ ուշադրության է արժանի Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ որպես ԵԱՏՄ արտաքին զարգացման նախադրյալ: Պաշտոնական հայտարարություններում ասվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերաբերում է առևտրին, ինչպես նաև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին ու ներդրումների իրականացմանը: Չի բացառվում, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո դիտարկվում է «Մետաքսի ճանապարհը», որին մասնակցության հնարավորություն ունի նաև Հայաստանը՝ հատկապես հաշվի առնելով նախագահի՝ 2015-ին կատարած բարձր մակարդակով այցի արդյունքները:
Ամեն դեպքում, ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություններին առնչվող համապատասխան համաձայնագիրը ներկայացվելու է մայիսի վերջին՝ Աստանայում կայանալիք հանդիպմանը, որին կմասնակցեն անդամ երկրների ղեկավարները:
Այս իմաստով միջկառավարական խորհրդի՝ Երևանում անցկացված նիստը դժվար թե հնարավոր լինի դասել հերթականների շարքին: Համապարփակ գնահատականով այն կարելի է անվանել Եվրասիական տնտեսական միության՝ գործնականում գործունեության շարժիչ-հանդիպում: