Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի խորհրդարանների, հասարակական ու քաղաքական շրջանակների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին մեր երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարվող մեծ և սկզբունքային գործունեության համար՝ այն որակելով որպես անկեղծ բարեկամության և մարդասիրության օրինակելի դրսևորում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: