Հայոց դարավոր պատմությունը վկայում է մեր ազգի՝ պետականությանը ձգտելու անհագ տենչի մասին: Որպես նստակյաց ազգ, որպես քաղաքակրթության հիմնադիր ժողովուրդ՝ հայը մշտապես պայքարել է անկախ պետություն ունենալու համար: Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ հայ ժողովուրդը կարողացավ մոտ 600 տարի անց պետություն ձեռք բերել:
1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ագզային խորհրդի ընդունած հռչակագրով հաստատվեց Հայկական պետության անկախությունը՝ հիմնելով Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը: Չնայած Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկու տարի՝ մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը, սակայն առաջին Հանրապետության հռչակումը մեծ ավանդ բերեց հայ ժողովրդի ապագայի ճիշտ կառուցման ճանապարհին: Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական, ինչպես նաև հոգևոր-մշակութային կյանքում։
Հայոց պետականության վերականգնումը տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ աշխարհը ներքաշված էր Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որի ընթացքում տեղի էր ունենում համաշխարհային սահմանների վերաձևավորում: Մեր ազգի առաջնահերթ խնդիրն էր այդ գործընթացում ընդարձակել Հայաստանի Հանրապետության սահմանները: Չնայած վերջինս հայ ազգի համար այդպես էլ անկատար երազանք մնաց, սակայն մի բան արդեն աներկբա էր՝ հայ ազգը ոտքի էր կանգնել միասնական, հայկական պետական հովանու ներքո հանդես գալ աշխարհին: Այսօր մենք այդ հնարավորության համար պարտական ենք հենց առաջին Հանրապետությանը:
Չի կարելի է չհիշատակել, որ առաջին Հանրապետության հիմնման համար առավելապես նպաստեցին հանրապետության հռչակմանը նախորդած ազգային հերոսամարտերը՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի: Փառք ու պատիվ ազգանվեր այն հերոսներին, որոնք ընկան հանուն անկախության:
Այսօր արդեն մենք ապրում ենք ազատ ու անկախ հայրենիքում, որն ունի ճանաչում ու ինքնիշխանություն: Այս իմաստով բախտավոր սերունդ ենք: Սակայն այս գիտակցությունը թերի է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է զգա պետության ու պետականության դերն ու նշանակությունը գլոբալիզացվող աշխարհում՝ զարգացնելով միասնական, համապետական մտածողություն: