Թուրքիայում իր աշխատանքն ավարտեց մայիսի 23-24-ին անցկացվող Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովը, որին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից: Քննարկվում էին հակամարտությունների խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, փախստականների խնդիրները և այլն:
Նման գագաթաժողովի անցկացումը ներկայիս Թուրքիայում որոշակի տարակուսանքի և զրամանքի տեղիք է տալիս։
Անտրամաբանական է թվում, որ մի շարք երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, կարելի է ասել՝ միջազգային հանրության մի ստվար զանգված, պատրաստ է քննարկել մարդասիրությանը, մարդու իրավունքներին, գլոբալ մարդկային խնդիրներին վերաբերող հարցեր մի երկրում, որն այսօր ամենից շատ է ստեղծում մարդասիրական խնդիրներ և քարոզում հակամարդկային քաղաքականություն:
Բավական է ընդամենը հիշել, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո պատերազմ է վարում սեփական քաղաքացի հանդիսացող քրդերի դեմ, կոտորում է խաղաղ քրդական բնակչությանը, աջակցում է Իսլամական պետության ահաբեկչական գործունեությանը: Մի շարք ընդդիմադիր թուրքական ԶԼՄ-ներ ստիպված եղան կասեցնել իրենց գործունեությունը, իշխող կուսակցության կողմից հսկայական ջանքեր գործադրվեցին պատգամավորների անձեռնմխելիության վերացման համար, որպեսզի հետագայում անխոչընդոտ հաշվեհարդար տեսնեն քրդամետ պատգամավորների հետ:
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ իրենց զեկույցներում բարձրաձայնում են Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրները, եվրոպացի պաշտոնյաները քննադատում են Էրդողանի վարած քաղաքականությունը:
Եվ այդ ամենից հետո բոլորը միասին լուռ մեկնում են Ստամբուլ՝ քննարկելու գլոբալ հումանիտար խնդիրները:
Թերևս հենց այս անհետևողականությունն ու «ներողամտությունն» է հնարավորություն տալիս Էրդողանի վարչակարգին անպատիժ կերպով սատարել ահաբեկչությանը, քրդերի հանդեպ ջարդեր իրականացրել և ամեն կերպ սահմանափակել խոսքի ազատությունը երկրի ներսում: Եվրոպայի այս քաղաքականությունն է հնարավորություն տալիս Թուրքիայի հանդես գալ խաղի կանոններ թելադրողի, ԵՄ-ին անդամակցության և վիզաների չեղարկման գործընթացում պարտավորությունները չկատարելով պահանջներ առաջադրողի դերում:
Երկակի ստանդարտներն ու անհետևողական քաղաքականությունը հաճախ արժեզրկում են միջազգային հանրության կշիռն ու «զսպող գործոն» լինելու կարևոր դերը: Արդյունքում, Թուրքիան և նրա պես այլ ավտորիտար մի շարք երկրներ ոչ միայն հեռանում են ժողովրդավար և քաղաքակիրթ աշխարհից, այլև սպառնալիք դառնում վերջինիս համար:
Քրդերի ճակատագրի նկատմամբ միջազգային հանրության լուռ անտարբերությունը և հատուկենտ հնչած անհասցե հայտարարությունները միայն օրինակներից մեկն են այն գործոնների, որոնց շնորհիվ Էրդողանն այսօր իրեն ամենակարող ու անպարտելի է զգում: Եվ քրդերն այստեղ ամենևին էլ բացառություն չեն: