Այսօր տեղի է ունեցել ուկրաինացի օդաչու, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի և Ռուսաստանի հետախուզության վարչության զինծառայողներ Ալեքսանդր Ալեքսանդրովի ու Եվգենի Երոֆեև փոխանակումը:
Փոխանակման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների քառակողմ հեռախոսազրույցի ընթացքում:
Gazeta լրատվականի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը Կիևից Դոնի Ռոստով էր բերել Դոնբասում ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված Ալեքսանդր Ալեքսանդրովին ու Եվգենի Երոֆեևին և նույն ինքնաթիռով էլ Ուկրաինա էր տեղափոխել Նադեժդա Սավչենկոյին:
Նադեժդա Սավչենկոյին Կիևի Բորիսպոլ օդանավակայանում դիմավորել են մեծ շուքով: Օդանավակայում Նադեժդա Սավչենկոյին դիմավորելու եկած մարդկանց կարգախոսը հետևյալն էր. «փա՜ռք Ուկրաինայի հերոսներին»: Սավչենկոյին դիմավորելու նպատակով օդանավակայան էր մեկնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոշոշենկոն, ով Սավչենկոյի ազատ արձակման կապակցությամբ հատուկ ուղերձ է հրապարակել, որտեղ նշել է Սավչենկոյի՝ արդեն իսկ ուկրաինական հողում լինելու մասին, և շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին ու ամբողջ աշխարհին իրենց հաղթանակի համար:
Ավելի վաղ, 2014 թվականի մարտ ամսին Ռուսական դատարանը ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր էր ճանաչել երկու ռուս լրագրողների սպանության մեջ: Սավչենկոն նաև մեղավոր էր ճանաչվել խաղաղ բնակիչների սպանության փորձի և ՌԴ սահմանը ապօրինի հատելու մեջ: Դոնեցկի դատարանի դատավորը վճիռը ընթերցելիս հայտարարել էր, որ Սավչենկոն ուղղորդվել էր «քաղաքական ատելությամբ»: Սակայն, ուկրաինացի օդաչուն հերքել էր իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:
Ըստ РБК լրատվականի հաղորդած տվյալների՝ Վլադիմիր Պուտինն այսօր Նադեժդա Սավչենկոյին ներում է շնորհելու հրամանագիր է ստորագրել: Ինչպես հաղորոդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, այդ որոշումը նախագահը կայացրել է այսօր՝ երկու սպանված ռուս լրագրողերի հարազատների հանդիպումից հետո, ովքեր ելնելով մարդասիրական նկրտումներից, հանդիպման ընթացքում Սավչենկոյին ներում շնորհելու խնդրանք են հղել Պուտինին:
Ինչ վերաբերում է Երոֆեևին և Ալեքսանդրովին, ում Ուկրաինայի արդարադատությունը համարում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ, ըստ դատական գործի, ձերբակալվել էին Ուկրաինայի արևելքում գաղտնի գործողություն իրականացնելու համար: Պաշտոնական Կիևը համաներում էր շնորհել նրանց նախքան այս փոխանակումը:
Նադեժդա Սավչենկոյին ազատագրման հարցում Պյոտր Պորոշենկոյի գլխավորությամբ տարվել են ակտիվ բանակցություններ՝ գործընթացում ներգրավելով նաև արևմտյան գործընկերի: Այն, որ այսօր Նադեժդա Սավչենկոյին ներում է շնորհվել, և նա հետ է վերադարձել հայրենիք, միջազգային հանրությունը և Ուկրաինան մեկնաբանում են դա որպես դիվանագիտական հաղթանակ:
Լուսանկարներն ըստ РБК լրատվականի: