Նախօրերին հայտնի դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսաստանցի երկու բանտարկյալների հայրենիք վերադարձի դիմաց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին համաներում շնորհելու և Կիև նրա վերադարձի մասին: Ակնթարթորեն սա դարձավ ինչպես ռուսական և ուկրաինական, այնպես էլ արևմտյան լրատվամիջոցների թոփ թեման:
Անդրադառնալով արտահանձման գործընթացին՝ Reuters-ն և Guardian-ը ուշադրություն են հրավիրում մասնավորապես այն հանգամանքի վրա, որ Սավչենկոյի համաներման մասին որոշումը Պուտինը ստորագրել է ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման մասին որոշում ընդունելուց օրեր առաջ:
«Չորեքշաբթի Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են հայտնի ռազմագերիներին, ինչը կարող է նպաստել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետությանը», - գրում է The New York Times-ը՝ հավելելով, որ այդ փոխանակումը, ինչպես նաև հակամարտության շուրջ երկու տարվա դիվանագիտությունը, բեմադրված է եղել այնպես, որ ապացուցի Ռուսաստանի հավաստիացումները, որ ինքը որևէ կերպ չի մասնակցում այդ պատերազմին:
«Սավչենկոյի վերադարձն Ուկրաինա չի փոխում Կրեմլի թիրախը: Սակայն այժմ հետաքրքիր կլինի նայել, թե Սավչենկոյի զայրույթի կենտրոնում ուկրաինական քաղաքական որ ուժերն են լինելու: Հայտնի է, որ նա հարում է ազգայնականների ճամբարին», - գրում է BBC-ն: Հիշեցնելով, որ Սավչենկոն բանտում գտնվելու տարիներին Ուկրաինայի խորհրդարանի պատգամվոր է ընտրվել Տեմաշենկոյի կուսակցությունից՝ BBC-ն նշում է, որ նրանց միջև կոնֆլիկտ կարող է առաջանալ, քանի որ երկուսն էլ ուժեղ անհատականություններ են:
«Այսօր Նադեժդա Սավչենկոն նռնակով կապիկ է: Որտեղ և երբ կպայթեցի այդ նռնակը, հայտնի չէ», - գրում է REGNUM-ը՝ ընդգծելով, որ Սավչենկոյի պահվածքը ոչ ադեկվատ է, սակայն Կիևում ստիպված են համակերպվել դրա հետ, քանի որ արդեն հասցրել են հերոսացնել նրան:
Взгляд-ն իր հերթին գրում է, որ Սավչենկոյին ազատ արձակելուց Ռուսաստանը բացառապես շահում է: Թերթի կարծիքով՝ Սավչենկոյի համաներման միակ բացասական կողմը Ռուսաստանի համար ներքաղաքական բնույթ է կրում, քանի որ Ռուսաստանում ոչ բոլորն են համաձայն համաներման որոշման հետ: