Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ընդհանուր 116 կմ-ից արդեն 52 կմ ասֆալտապատ է, կսկսվեն ճանապարհի կահավորման աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշել է, որ մյուս հատվածի աշխատանքները կսկվեն այն ժամանակ, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն:
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպության կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի մոտ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթևեկելի հատվածը:
«Եթե եղանակը թույլ տա, կփորձենք մինչև տարեվերջ ավարտենք աշխատանքները: Միայն մի հատվածի՝ մոտ 300 մետրի հետ դեռ խնդիրներ են առաջանում, անընդատ խորքային ջրեր են հայտնվում, հատուկ միջոցառումներ են իրականացվում, այդ հատվածը կասֆալտապատվի հաջորդ տարի»,- ասել է Վարդանյանը:
116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։
Ավտոճանապարհի գործարկումն առանցքային ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակություն ունի։ Նոր ճանապարհը ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։