ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին Բարաք Օբամայի վարչակազմի հետ միասին կրկնապատկել ջանքերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց գործընկերների ներկայացրած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանն ուղղված առաջարկներն իրագործելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի կայքէջից:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ հանդիպման ընթացքում ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը քննարկել է ապրիլի սկզբին ալիևյան ռեժիմի հարձակումն Արցախի վրա և դրան հաջորդած ռազմական հանցագործությունները, ներառյալ` դաժան սպանությունները, տարեց զույգի սպանությունն ու խոշտանգումը, հայ երեք զինվորների գլխատումը։
Համբարյանն ընդգծել է կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` հրադադարի ռեժիմի պահպանման համար՝ նշելով, որ վերջերս ադրբեջանական կողմի կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, Վահե Արգամի Եղոյանը:
«Ամերիկահայերը գնահատում են Ռոյսի և էնգելի առաջարկները, որոնց ընդհանուր գաղափարն է ապահովել Կովկասում խաղաղությունը: Բանալին, իհարկե, դրանց իրագործումն է, և որքան շուտ, այնքան լավ, եթե մենք ցանկանում ենք խուսափել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կրկնությունից»,- նշել է նա:
Ռոյսի և մյուս կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ենթադրում են`
1. շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում,
2. շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը,
3. շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։