Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին արած հայտարարությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանը առաջարկել է ռուսական կողմի հետ ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն այն քայլերը, որոնք Ռուսաստանը սպասում է Թուրքիայից: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Milliyet» թերթի կայքին:
«Պուտինն ասում է` քայլ ենք սպասում: Մենք էլ ասում ենք, որպեսզի կարողանանք կատարել այդ քայլերը, եկեք համատեղ աշխատանքային խումբ ստեղծենք: Թող նրանք երկխոսեն, անհրաժեշտ քայլերի մասին ծրագրեր առաջարկեն: Ըստ նրանց ցանկության` կարող ենք և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ձևաչափով քննարկել մեր կատարելիք քայլերը և ընդհանուր հայտարարի գալ», - ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Հունաստանում Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը` պայմանով, որ Անկարան պետք է անի առաջին քայլը: