Չնայած ապրիլի 5-ից հետո ԼՂՀ, Քաշաթաղում կառուցվող Արիավան բնակավայրում աշխատող կապալառու կազմակերպությունների տեխնիկայի մեծ մասը տեխափոխվել է առաջնագիծ` ինժեներական աշխատանքներ կատարելու համար, այնուամենայնիվ, բարեկարգման ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, հայտնում է ArtsakhPress` հղում կատարելով ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայությանը:
Արիավանի առաջին թաղամասն ամբողջությամբ` 26 առանձնատնով, բոլոր ենթակառուցվածքներով պատրաստ է շահագործման: Այստեղ իրականացվել է հիմնապատերի և պատերի կառուցում, բոլոր առանձնատները շրջափակվել են մետաղական ցանկապատերով: Թաղամասը ջրաֆիկացված է:
Արիավանի 2-րդ թաղամասում արդեն 7 տանիք է կառուցվել: Մյուս մյուս առանձնատների տանիքների կառուցման աշխատանքները կավարտվեն հունիս ամսում: Ավարտվել են ներքին ջրամատակարարման ցանցի և կոյուղագծերի աշխատանքները, իսկ արտաքին ջրամատակարարման համար աշխատանքներ են տարվում: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև 3-րդ թաղամասում:
Աղբյուրի հաղորդմամբ` բնակավայրը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում: