Թուրքիան հուսով է, որ Գերմանիայի Բունդեսթագը կհրաժարվի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունելուց: Այս մասին նշել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն՝ անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը: «Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանը կորոշի փլուզել թուրք-գերմանական հարաբերությունները՝ մի շարք քաղաքական գործիչներին հաճոյանալու համար… Եթե Բունդեսթագն ընդունի այդ բանաձևը, ապա այն Անկարայի համար կլինի թղթի սովորական կտոր»,- ասել է նա:
Նշենք, որ հունիսի 2-ի քննարկմանն ընդառաջ Թուրքիայից սկսել են սպառնալիքներ հնչել Գերմանիայի հասցեին՝ մասնավորապես արծարծվում է ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքը չեղարկելու հարցը, որի կնքումը բավական մեծ ջանքեր պահանջեց կանցլեր Անգելա Մերկելից: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչն այս կապակացությամբ հայտարարել է, որ եթե բանաձևն ընդունվի, Գերմանիայում բնակվող թուրքերը և Թուրքիան շատ լուրջ կարձագանքեն:
Չնայած այս սպառնալիքներին՝ փորձագետները բարձր են գնահատում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հավանականությունը: Գերմանիայի քաղաքական որոշ շրջանակներում և գերմանական հասարակությունում ընդհանրապես վերջին շրջանում բավականին ակտիվացել են հակաթուրքական տրամադրությունները` պայմանավորված միգրացիոն գործարքի հարցում Անկարային արված ոչ համարժեք զիջումներով և Էրդողանի վարած քաղաքականությամբ, այդ թվում՝ սպառնալիքներով: Սրան գումարվել է գերմանական հեռուստատեսության եթերում Էրդողանի հասցերին վիրավորական բանաստեղծություն կարդացած երգիծաբանի նկատմամբ Էրդողանի պահանջով հետաքննություն սկսելը:
Արդյունքում, չի բացառվում, որ Անկարայի սպառնալիքներն այս հարցում միանգամայն հակառակ ազդեցություն ունենան: «Այս մոտեցումն անհավատալի է. ոմն դեսպան(Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է Բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը) բացահայտորեն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հյուպատոսարան, ոչ մի պետություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրավունքն է՝ որոշել, թե ինչը քննարկենք, ինչի վերաբերյալ որոշումներ կայացնենք», - նշել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթ: Ինչպես նշում է գերմանական Deutsche Welle հեղինակավոր պարբերականը, «առաջին անգամ պահպանողական Քրիստոնյա-Դեմոկրատական Միությունը և Քրիստոնյա-Սոցիալիստական Միությունը, ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատները և «Կանաչները» նպատակաուղղված են որոշումը պաշտոնական դարձնելու»:
Հիշեցնենք, որ Բունդեսթագում ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ձախերի» և «Կանաչների» նախաձեռնությամբ այս հարցը քննարկման էր դրվել նաև 2015 թվականի ապրիլի 24-ին: Չնայած որ լսումների ընթացքում պատգամավորների մեծ մասն օգտագործել էր «ցեղասպանություն» եզրը՝ քննադատելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածները, Բունդեսթագն այդ փաստաթղթի շուրջ համաձայնության չեկավ` շարադրանքին առնչվող տարաձայնությունների պատճառով: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրելնախագծերը փոխանցել Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողով:
Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել Հայոց ցեղասպանություն եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»: 2015 թվականի մարտին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտարարել էր, որ «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ուենցածը ցեղասպանություն էր»: Ապրիլի 24-ին Բունդեսթագում լսումներին ընդառաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ինքն այն պատգամավորների կողքին է, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելուն: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: