Եվրասիական տնտեսական միության կազմավորումից ու հատկապես Հայաստանի՝ միությանն անդամակցությունից հետո, մեր ուշադրությունն սկսել են ավելի շատ գրավել միության անդամ երկրների տնտեսական վիճակն ու զարգացումները: Մի կողմից դա պայմանավորված է հանգամանքով, որ միության ներսում ընթացող առանձին տնտեսությունների գրանցած ցանկացած փոփոխություն, ի վերջո իր ածանցյալն է ունենալու միության համախառն տնտեսության վրա: Մյուս կողմից ԵԱՏՄ դեռևս գտնվում է զարգացման այն փուլում, որտեղ դեռևս քննարկումների ու չափորոշիչների սանդղակում է հարցը՝ ի՞նչ է տվել կամ կարող է տալ «ԵԱՏՄ» տնտեսական կատեգորիան անդամ երկրներին:
Անցնող մայիս ամիսն անհանգիստ էր միության համահիմնադիր՝ Ղազախստանի համար: Այդ երկրում մի քանի օրերի տարբերությամբ անցկացվեցին բողոքի ցույցեր: Պետք է նշել, որ ղազախական տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերն սկսվել էին դեռևս ապրիլի վերջից: Խնդիրն այդ երկրում հողի օրենսդրության մեջ փոփոխություններն են, որոնք երկարացնում են օտարերկրացիների համար ղազախական հողերի վարձակալման ժամկետները: Իրականում կան մի շարք պատճառներ, թե ինչու է խնդիրը հենց հիմա այդպես սրվել, այն դեպքում, երբ այդ փոփոխությունները սկսվել են դեռևս նախորդ տարվա նոյեմբերից: Դրան կանդրադառնանք ստորև, իսկ մինչ այդ, ներկայացնենք այս հարցի հետ կապված փոքրիկ նախապատմություն:
1995թ. նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օրենք է ստորագրում, համաձայն որի, արտասահմանցիները կարող էին ղազախական հողերը վարձակալել 99 տարի ժամկետով: Հետագայում վարձակալության առավելագույն ժամկետները կրճատվեցին մինչև 45 տարի, իսկ արդեն 2003թ.`10 տարի:
Վերջին ժամանակաշրջանում ղազախական իշխանությունների կողմից հասարակությանն անուղղակիորեն մեսիջներ էին հղվում, որ արտասահմանցիները կկարողանան հողեր գնել, ինչին հաջորդեցին նոյեմբերյան փոփոխությունները՝ վարձակալության ժամկետը երակաձգվեց ևս 15 տարով՝ հասցնելով 25 տարվա: Եվ չնայած ղազախ իշխանությունների կողմից հասարակությանը նախօրոք «պատրաստելուն», օրենքի այդ փոփոխությունը ներկայիս սերնդի կողմից ընդունվեց, մեղմ ասած, առանց ծափահարությունների: Ինչո՞ւ և ինչո՞ւ հենց հիմա:
Բանն այն է, որ ղազախական տնտեսությունը վերջին շրջանում բռնել է կայուն անկման ուղին, և հասարակական դժգոհություններն ընդհանուր վիճակի հետևանք են: Մասնավորապես, մի կողմից երկրի տնտեսական աճն է անկում ապրում (6% 2013թ.-ին, 4,3% 2014թ.-ին և 1,5% 2015թ.-ին), մյուս կողմից ՀՆԱ-ն (ԱՄՀ կանխատեսմամբ այն այս տարի կկազմի 0.1%): Զարգացման նույն տեմպերն են նկատվում արտահանման ու ներմուծման պարագայում. արտահանումը 2011-ի՝ 88,3 մլրդ դոլարից 2014-ին հասել է 80,3 մլրդ-ի, ներմուծումը՝2013-2014թթ. ընթացքում 50,8 մլրդ-ից հասել է 43,6 մլրդ-ի:
Եթե այս ամենին գումարենք նավթային ճգնաժամը, հատկապես այն պարագայում, որ Ղազախստանի ՀՆԱ մեջ նավթամթերքի չափաբաժինը կազմում է 23-25%, իրավիճակն ավելի պարզ է դառնում:
Վերոհիշյալ վիճակագրությունը հաշվի առնելով՝ ղազախական իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կարելի է բացատրել նրանով, որ երկիրը, որը ենթարկվում է հզոր տնտեսական տատանումների, փնտրում է միջոցների ներգրավման այլընտրանքային ուղիներ: Բացառված չէ, որ հողերի վարձակալությունն այդ միջոցների հավաքագրման շարքում ամենաօպտիմալներից է: Փորձենք Ղազախստանում ստեղծված վիճակը տրանսֆորմացնել ԵԱՏՄ համատեքստում:
Սկսենք ռիսկերի ներկայացումից, որոնք առավել տեսանելի են, քան հնարավորությունները: Բնական է, որ նորաստեղծ միության համար, որի անդամների թիվը փոքր է, նրանցից թեկուզ մեկի տատանումները կարող են բացասաբար ազդել մյուսների վրա: Դա կարող է լինել ինչպես համախառն տնտեսության տարեկան հաշվարկների ու կանխատեսումների թերակատարման, այնպես էլ միության ներսում օտարերկրյա ներդրումների խոչընդոտման տեսքով՝ որպես ոչ կայուն տնտեսություններ ունեցող միություն: Մյուս կողմից, այս պարագայում մի փոքր օգնող է հանգամանքը, որ միության ներսում դեռևս ամբողջովին ձևավորված չեն, կամ դեռ գործարկված չեն միասնական գործիքները, ինչը կարող է օժանդակել հավանական դոմինոյի էֆեկտի նվազեցմանը:
Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա այստեղ ավելորդ չենք համարում շեշտել ԵԱՏՄ՝ պոտենցիալ կարգավորիչի դերում հանդես գալու հավանականությունը: Եթե փորձենք այս միտքը զարգացնել կոնկրետ ղազախական օրինակով, ապա համաշխարհային տնտեսության զարգացումների հետևանքով երկրի կրած վնասները՝ առևտրաշրջանառության, նավթամթերքի վաճառքների և այլ հարցերի հետ կապված, կարելի կլինի լրացնել ներքին (ի նկատի է առնվում միության ներսում) շուկայի շնորհիվ: Այս իմաստով, լրացուցիչ ռիսկերից խուսափելու ու իրականացման տեսանկյունից առավել հեշտացնող հանգամանք է փաստը, որը ԵԱՏՄ-ն փոքրաթիվ անդամներով միություն է: Չնայած, պետք չէ կրկին անգամ մոռանալ, որ միասնական բոլոր մեխանիզմները դեռևս կամ ձևավորված չեն, կամ ամբողջությամբ չեն գործում, և ԵԱՏՄ այդ կարգավորիչ գործառույթի վրա հույս դնել կարելի կլինի միմիայն այդ մեխանիզմների առկայության ու բնականոն գործարկման պարագայում:
Վերևում խոսվում է միայն ղազախական սցենարի մասին, սակայն ԵԱՏՄ հնարավորությունները դիտարկելի են անդամ բոլոր պետությունների համար: