Բելգիայի հարավային Վալոնիա շրջանում և Բրյուսելում պետական ոլորտի աշխատակիցների համընդհանուր գործադուլ է սկսվել: Ինչպես տեղեկացնում է RTBF հեռուստաալիքը, գործնականում դադարեցվել է հասարակական ծառայությունների մեծ մասի, տրանսպորտի և երկաթուղիների, փոստի աշխատանքը: Առավոտյան ծանրաբեռնված ժամի Վալոնիայի հիմնական մայրուղիներում, որոնք տանում են Բրյուսել, Նամյուր, Լյեժ և այլ խոշոր քաղաքներ, ընդհանուր 280 կմ ձգվածությամբ խցանումներ են գոյացել:
Բրյուսելում արհմիությունները մտադիր են մոտ 10 000-հոգանոց ցույց անցկացնել, բայց բաց է մնում հարցը՝ արդյո՞ք նրանք կկարողանան հասնել քաղաքի կենտրոն:
Գործադուլի գլխավոր նպատակն է հասնել ծախսերի կրճատման նպատակով պետական ծառայությունների վերակազմավորման և օպտիմալացման կառավարության ծրագրերի վերանայմանը, քանի որ այն կարող է հանգեցնել ազատումների: Արհմիությունները նաև պահանջում են հրաժարվել սոցիալական բարեփոխումից, որը նախատեսում է աշխատանքային շաբաթի տևողության ավելացում 38-ից մինչև 40 ժամ, կենսաթոշակային տարիքի բարձրացում, նաև գործազրկության նպաստների համակարգի բարեփոխում, որը պետք է ավելի ակտիվորեն խթանի աշխատանքի որոնումը: