«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսվում է սկսել հունիսի 2-ին, տեղի ժամանակով 11:10-ին: Քննարկումներին հնարավոր կլինի հետևել նաև օնլայն հեռարձակման շնորհիվ՝ www.bundestag.de կայքում:
Չնայած թուրքական կողմի ճնշումներին՝ «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը Բունդեսթագի օրակարգում է ընդգրկվել հստակ` «ցեղասպանություն» եզրույթով: Նախագծի ընդունմանը կողմ են ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններ:
Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում, սակայն, նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: