Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, թուրքական ծագումով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կարծիք է հայտնել, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանական կուսակցությունները կհաստատեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իրենց կողմից համատեղ մշակված օրինագիծը:Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Zaman թերթի կայքին:
Անդրադառնալով պատմական փաստերի ուսումնասիրման նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Էրդողանի առաջարկին՝ Օզդեմիրը նշել է. «Էրդողանը պատմաբանների համատեղ հանձնաժողով է պահանջում: Թուրքիան համատեղ հանձնաժողվի վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների շրջանակներում կարևոր արդյունքի էր հասել: Բայց, ցավոք, Էրդողանը թույլ չտվեց, որ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն, չնայած դրանցում Դավութօղլուի ստորագրությունն էր դրված»:
Նա նաև հավելել է, որ իր մայրը հայկական հարցի վերաբերյալ միշտ որպես օրինակ պատմել է Քյութահիայի կառավարչի պատմությունը, ով ընդդիմացել էր հայերի տեղահանությանը: Օզդեմիրը բոլորին կոչ է արել ընդունել տեղի ունեցածը: Նա նաև նշել է, որ ուրիշներին գիտակցաբար վնաս տալը հարիր չէ այն իսլամին, որն իրեն իր մայրն է սովորեցրել: