Շվեյցարիայի քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ նվաճեց նժույգթափեր վարժությունում:
«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է 32-ամյա մարզիկի հետ, ով նժույգի վրա վարժություններում 2015 և 2016 թվականների աշխարհի գավաթակիր է, աշխարհի առաջնության բրոնզե (2015թ.), ինչպես նաև Եվրոպայի առաջնության արծաթե (2015թ.) և կրկնակի բրոնզե մեդալակիր (2011, 2012թթ.)։
- Հարությու՛ն, անակնկալի՞ եկաք հաղթանակից, թե ամեն դեպքում սպասում էիք նման արդյունք:
- Չեմ կարող ասել, թե ընդհանրապես անսպասելի էր, քանի որ արդեն իսկ բրոնզե և արծաթե մեդալներ ունեի նվաճած, պարզապես բարելավեցի արդյունքս և այս անգամ արդեն ոսկին նվաճեցինք, ինչն իրոք շատ ուրախալի էր, հատկապես, որ Օլիմպիական խաղերին ընդառաջ բարդ վարժությունս կատարեցի: Իսկ Եվրոպայի չեմպիոն դառնալն իհարկե շատ երկար գործընթաց ու աշխատանք է եղել:
- Ռիոյի Օլիմպիական խաղերին նախապատրաստություններ արդեն սկսե՞լ եք: Ինչպիսի՞ն է Ձեր տրամադրվածությունը:
- Առայժմ հանգստանում ենք, որ շուտով սկսենք նորից մարզումները: Ռիոյում աշխատելու եմ անել այն ամենն, ինչ իմ առջև դրված է: Այնպես, որ առաջին հերթին ես ինքս և մարզիչներս ելույթից գոհ լինենք: Մնացածն արդեն տեղում կերևա:
- Իսկ ի՞նչ կմաղթեք մեր բոլոր մյուս մարզիկներին, ովքեր ևս մասնակցելու են Օլիմպիադային: Ո՞րն է ըստ Ձեզ ամենակարևորը սպորտսմենի համար:
- Հաջողություն առաջին հերթին, աշխատասիրություն, պարտաճանաչություն և կարգապահություն, և, ինչպես հաճախ են ասում, սպորտային բախտ, որը ևս շատ կարևոր է:
- Վերջերս ականատես եղանք բազմաթիվ այլ փայլուն արդյունքների մեր մյուս մարզիկների կողմից ևս: Ի՞նչն է ըստ Ձեզ նպաստել նման հաղթանակներ ունենալուն, ինչո՞վ է դա պայմանավորված:
- Ըստ երևույթին Օլիմպիական խաղերի նախաշեմին միշտ ավելի տրամադրված են լինում սպորտսմենները, ավելի լուրջ ու պատասխանատու են մոտենում, կարծում եմ առաջնահերթ դրա հետ են կապված մեր վերջին հաջողությունները: