Երեխաներն Աստծո պարգևն են, ովքեր կարիք ունեն ոչ միայն սնունդի, հագուստի և տանիքի, այլև ամենաառաջինը ծնողական սիրո և ջերմության: Այսօր՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, տոնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որը խորհրդանշում է անհոգ և ուրախ մանկություն՝ լի վառ ու գունավոր պահերով: Ցավոք, այսօր կան բազմաթիվ երեխաներ, ովքեր զրկված են ծնողական ջերմությունից ու լիարժեք ընտանիքում ապրելու հնարավորությունից:
«Հայաստանում այժմ մոտավորապես 630 երեխաներ գտնվում է մանկատներում: Նրանց թվում կան երեխաներ, ովքեր ունեն ծնողներ, սակայն նրանց կողմից լքված են: Կան նաև դեպքեր, երբ երեխայի ծնողը կամ ծնողներն ազատազրկման մեջ են գտնվում, հոգեբուժարանում, արտերկրում կամ այլ պատճառներով իրենց երեխաների խնամքը չեն կարողանում իրականացնել», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որդեգրման գործընթացի ակտիվացում նկատվում է, թե ոչ, Հայրապետյանը ցավով նշել է, որ որդեգրված երեխաների թիվը պակասում է, ինչը պայմանավորված է նրանով, որ շատ ավելի փոքր է որդեգրման ենթակա երեխաների թիվը, դրան զուգահեռ՝ շատ են առողջական խնդիրներ ունեցողները, ինչը ևս որդեգրումների քանակի նվազման պատճառ է հանդիսանում: «Եթե 5 տարի առաջ տարեկան միջինը 150 երեխա էր որդեգրվում, ապա այսօր այդ թիվը հասնում է 100-ի», - հավելել է նա:
Խոսելով որդեգրման ենթակա երեխաների մասին, Հայրապետյանը նշել է, որ դա կարգավորվում է օրենքով: «Օրենքով սահմանված են այն իրավական դեպքերը, որոնց առկայության դեպքում երեխան կարող է որդեգրվել. նա պետք է լինի երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողը պետք է զրկված լինի իր ծնողական իրավունքից»:
Նրանք, ովքեր գեթ մեկ անգամ եղել են մակատանը, երևի թե կհամաձայնեն, որ, այստեղ մտնելով, քո առջև բացվում է լրիվ ուրիշ` պարզությամբ ու կարոտով լի մի աշխարհ, որտեղ միախառնված է թախիծն ու անպաշտպանության զգացումը:
- Ինձ ֆոկուս ցույց կտա՞ս:
- Ես ֆոկուս ցույց տալ չգիտեմ:
- Ինչի՞, դուք ամեն ինչ անել չգիտե՞ք:
-Իսկ մենք ո՞վ ենք:
- Դե դուք, որ այստեղից դուրս եք ապրում:
Սա մանկատան Կարենի և նրան այցելած Գրետայի խոսակցությունն է… Զրույց, որը մանկատան երեխաների հոգեբանության ընդհանրական պատկեր է տալիս՝ «մենք և դուք» բաժանումով: Իսկ այս երեխաների ժպիտ պարգևելու համար շատ բան հարկավոր չէ՝ մի քիչ սեր, ուշադրություն ու հոգատարություն, մի փոքրիկ շոկոլադն էլ նրանց աչքերին գեթ մի պահ փայլ կհաղորդի:
Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Թող երբեք որևէ երեխա զրկված չլինի ծնողական սիրուց ու հոգատարությունից, թող երբեք որևէ երեխայի հայացք հեռվում չփնտրի իր մայրիկին, ում երբեք չի էլ տեսել…