Մայիսի 31-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական միության ղեկավարների նիստը:
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներն ունեցան նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին ԵԱՏՄ ներքին ու արտաքին տնտեսական մի շարք հարցեր:
Աստանայում կայացած հանդիպումն, ըստ էության, հստակեցրեց ԵԱՏՄ զարգացման կուրսը, որի նախնական պատկերն արդեն իսկ նշմարվում էր օրեր առաջ Երևանում կայացած ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստին: Այն է՝ միասնական ներքին մեխանիզմների ստեղծմանն ու գործարկմանը զուգահեռ, արտաքին հարաբերությունների հաստատում:
Ներքին շուկային առչվող գլխավոր ձեռքբերումներից է ածխաջրածինների ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը, որը ենթադրում է արդեն հաջորդ տարի՝ 2017-ին, նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկա ձևավորելու ծրագիր: Ի՞նչ ասել է նավթի ընդհանուր շուկա. լայն հնարավորություններ հատկապես նավթ չունեցող երկրների համար՝ նավթի ու նավթամթերքի անսահամանափակ ձեռքբերում միասնական գներով ու միասնական քաղաքականությամբ: Սա մի կողմից, կփոքրացնի նավթ արդյունահանող անդամ- երկրների կախվածությունը համաշխարհային նավթային շուկայի վայրիվերումներից՝ ի հաշիվ ներքին կայուն սպառման ու գների: Մյուս կողմից, այն ձեռնտու է նավթ չունեցող անդամների համար:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին, ապա դրանցից երկուսը՝ հարաբերությունները Չինաստանի, ինչպես նաև Եվրամիության հետ, եղել են նախագահների քննարկումների օրակարգում:
Գագաթաժողովի ընթացքում ընդունվել է նաև որոշում՝ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առևտրային հարաբերությունների շուրջ նախագծի մշակման վերաբերյալ: Այս համատեքստում ավելի շահագրգիռ վիճակում պետք է, որ լինեն Հայաստանն ու Ղրղզստանը, քանի որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը Սերբիայի հետ ազատ առևտրի գոտի ունեն:
Շարունակելով գագաթաժողովին տեղ գտած արտաքին հարաբերությունների թեման՝ նշենք, որ Աստանայի գագաթաժողովի ընթացքում ԵԱՏՄ-Վիետնամ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ստորագրեց Բելառուսի նախագահը, սպասվում է, որ առաջիկայում նույնը կանեն նաև մյուս անդամ երկրները: ԵԱՏՄ ղեկավարները քննարկեցին նաև ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստեղծելու հնարավորությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ինդոնեզիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Իրանն ու Սինգապուրը:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան լրագրողներին տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրային գոտի ստեղծելու շուրջ խորհրդակցությունները կմեկնարկեն արդեն հունիսին:
ԵԱՏՄ ղեկավարների կողմից ուշադրությունից դուրս չի մնացել Կամբոջայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հայտի հարցը: