Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը (International Children`s Day): Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:
Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:
Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին, իսկ թե ինչո՞ւ հենց հունիսի մեկը՝ հայտնի չէ։
Սակայն ուշագրավ է, որ Երեխաների պաշպանության միջազգային օրն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա (որը խորհրդանշում է թարմություն, ներդաշնակություն և պտղաբերություն) պատկերված է Երկիր մոլորակի նշանը, որի շուրջ տեղակայված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ: Նրանք խորհրդանշում են տարաբնույթություն և հանդուրժողականություն: Երկրի նշանը՝ մեջտեղի մասում տեղակայված, խորհրդանշում է մեր բոլորի ընդհանուր տունը:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ., ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ տոնական միջոցառումներ են անցկացվելու բոլոր վարչական շրջաններում:
Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար անվճար է: Այստեղ նրանց սպասում է զվարճալի ծրագիր ու միջոցառումներ, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին՝ հատուկ մրցանակներ:
Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթներ, այնուհետև՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ:
Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:
Ազատության հրապարակը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:
Հյուսիսային պողոտայում ժամը 11։00-ից մինչև 23։00-ն non-stop կնվագեն Հայաստանի լավագույն DJ-ները: Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ներկայումս մոռացված խաղեր, որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրություն և «street dance» պարային շոու: Կկազմակերպվի կերպարվեստի և ձեռքի աշխատանքների ցուցադրություն:
Երեկոյան Կարապի լճի տարածքում կտեղադրվի ավանդական դարձած էկրանը, որին կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր։
Դե ինչ, ի սրտե շնորհավորում ենք մեր հայ և աշխարհի բոլոր-բոլոր մյուս փոքրիկներին՝ մաղթելով նրանց ուրախ ու անհոգ մանկություն: