Այսօր Գերմանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց մի բանաձև, որով ճանաչեց 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, Եվրոպայում մեծ կշիռ ունեցող Գերմանիայի կողմից նման բանաձևի ընդունումն իր էական դերն ու նշանակությունը կունենա այս հարցի շուրջ միջազգային ընկալումների համար: Այնուամենայնիվ, այս համատեքստում անհրաժեշտ է նաև հասկանալ Գերմանիայի՝ նման քայլի դիմելու դրդապատճառները, որոնք պետք է փնտրել թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում:
Բանաձևի ընդունման առաջին և երևի թե ամենահիմնական պատճառներից մեկը միգրացիոն ճգնաժամն է կամ, ավելի հստակ, Թուրքիայի պահվածքը՝ ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքի շրջանակներում: Թուրքիայի իշխանություններն այսօր օգտագործում են գործարքը որպես խաղաքարտ՝ ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու և ինտեգրման գործընթացում զիջումներ ստանալու համար: Թուրքիայի նման քաղաքականությունը, սակայն, չէր կարող ի վերջո որևէ արձագանք չստանալ, հատկապես, երբ գործարքի կողմ հանդիսացող Թուրքիան չէր կատարում իր ստանձնած պարտականությունները: Բանաձևի՝ Բունդեսթագ ներկայացնելու ժամկետն ու այդ բանաձևի ընդունումն էլ հենց պետք է դիտարկել այս համատեքստում՝ որպես Թուրքիային ուղղված սթափեցնող քայլ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանությունն այն հարցերից մեկն է, որի շուրջ ցանկացած քննարկում առաջացնում է Թուրքիայի իշխանությունների ցասումը, ինչը հերթական անգամ բավական վառ կերպով դրսևորվեց՝ ընդհուպ մինչև Բեռլինից դեսպանի հետկանչում:
Թուրքիային սթափեցնելու նպատակով «ապտակ հասցնելու» անհրաժեշտությունը նաև «առիթ» հանդիսացավ Գերմանիայի համար՝ «քավելու» Ցեղասպանության իրականացման գործում «սեփական մեղքը»: Սակայն, համամարդկային արժեքներին հավատարիմ Գերմանիան պետք է որ դա վաղուց աներ: Բանաձևի ընդունումով Գերմանիան ողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատասխանատու է անցյալում իր գործածների համար և մարդկության դեմ իրականացվող հանցագործություններն իրենց անուններով կոչելն ու արդարությունը վերականգնելը Գերմանիայի համար կարևոր ժողովրդավարական արժեք է:
Վստահորեն կարող ենք նշել, որ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելով, Գերմանիան «մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց»՝ օգտագործելով իր զինանոցում գտնվող այն զենքը, որն ամենաարդյունավետը կլիներ՝ իրագործելու իր առջև դրված նպատակները:
Բանաձևի ընդունումը, ինչպես արդեն նշվեց, իհարկե կունենա իր դրական ազդեցությունը՝ միջազգային ընկալումների վրա ազդելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, ստեղծված բարենպաստ իրավիճակից առավել շատ օգուտներ քաղելու համար անհրաժեշտ է թե´ դիվանագիտական, թե´ հանրային մակարդակով առավել թիրախավորված և համակարգված քայլեր իրականացնել՝ օգտագործելով մեր զինանցում ունեցած բոլոր գործիքները: