Ղազախստանի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրում պետական հեղաշրջման կանխման մասին: Նշվում է, որ իշխանության բռնի զավթումը նախապատրաստել էր գործարար Թոխտար Տուլեշովը, ով հունվարի վերջին ձերբակալվել էր թմրանյութերի վաճառքի և հանցավոր խմբի ֆինանսավորման համար:
«Նրա գործողությունների ծրագիրը նախատեսում էր երկրում լարվածությունների օջախների ստեղծման ճանապարհով իրավիճակի ապակայունացում, բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների կազմակերպում, որոնց ֆոնին նա պատրաստվում էր ձևավորել այսպես կոչված՝ «այլընտրանքային կառավարություն» և փոխել գործող իշխանության կառուցվածքը»,- ասել է Ղազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռուսլան Կարասևը: Նշվում է, որ Տուլեշովի գործով ձերբակալվել են նաև նրա 5 ենթադրյալ համակիր: