Հունիսի 6-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն (1 դեմ, 1 ձեռնպահ) ընդունեց «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» բանաձևը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարողների մոտ: Փորձենք հասկանալ այդ ոգևորության պատճառերը:
Բնական է՝ Հայոց ցեղասպանությանը հաջորդած այս 101 տարիների ընթացքում սա առաջին դեպքը չէր, որ որևէ երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ընդունում է Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձև: Սակայն Գերմանիան առանձնահատուկ է նրանով, որ, ինչպես և բանաձևում ասվում է, «չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոներների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ փորձ չարվեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը»: Գերմանիան ընդունում է իր հանցակից լինելը հայերի կոտորածերի հարցում: Բացի այդ՝ Գերմանիան ունի մեծաքանակ թուրքական համայնք ու բազմավեկտոր կապեր Թուրքիայի հետ և, չնայած այդ ամենին, ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը, ինչը ողջունելի է և կարող է լավ օրինակ ծառայել Ցեղասպանությունը չճանաչած պետությունների համար:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման նիստը բացեց Բունդեսթագի նախագահ պրոֆեսոր Նորբերտ Լամմերթը՝ նշելով, որ Բունդեսթագը դատարան չէ, ու չեն պատրաստվում ոչ մեկին դատել, պարզապես խոսում են պատմական արդարության մասին:
Իհարկե, Բունդեսթագի ընդունած բանաձևը պատմական արդարության վերականգնմանն ուղղված կարևորագույն քայլ էր, սակայն շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ իրավական կշիռ ունի ընդունված փաստաթուղթը:
Իրավական տեսանկյունից Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված փաստաթուղթը Գերմանիայի ներքին օրենսդրության բաղկացուցիչ մասն է միայն, ուստի և չունի ու չի կարող ունենալ իրավական պարտադիր հետևանքներ Թուրքիայի համար: Սակայն փաստաթուղթը չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, քանի որ դրանով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետությունների թիվը համալրվեց ևս մեկով՝ Գերմանիայով:
Նշենք նաև, որ փաստաթուղթը, որ ընդունվել է Գերմանիայի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, պարունակում է նաև մի շարք հանձնարարականներ, որոնք պարտադիր են կատարման համար Գերմանիայում: Դրանցից հատկանշական է հատկապես այն, որ բանաձևը պարտավորություն է դնում Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքացիական կրթության առջև` ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը՝ որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս` ավանդելով այն գալիք սերունդներին: Բունդեսթագը միաժամանակ Գերմանիայի կառավարությանը կոչ է անում խրախուսել Թուրքիային 1915-1916 թվականների իրադարձություններին առերեսվելու հարցում՝ որպես հիմք հայ-թուրքական հաշտության համար։
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևորագույն քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ողջ գործընթացում և իրավական առումով լավ հիմք՝ հետագայում միջազգային ատյաններ դիմելու համար: Բացի այդ, այն լավ հիմք է նաև Գերմանիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առաջքաշման համար: