Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման նպատակով ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300 ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, այս մասին ղազախստանցի գործընկեր Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նաև հավելել է, որ ՌԴ ու Ղազախստանի ռազմաարդյունաբերական համալիրները համագործակցության լավ հեռանկարներ ունեն: «Առաջնահերթությունը ցանկացած մարտահրավերին դիմակայել պատրաստ համատեղ պաշտպանական պոտենցիալի ստեղծումն է», - նշել է նա:
Հատկանշական է, որ միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը: 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն Ս-300 ՊՍ: