Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կրկին սրվում է: Հունիսի 8-ին Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իսրայելն անցնում է պատասխան գործողությունների: Իսրայելի պաշտպանության բանակը հունիսի 10-ի գիշերը ժամանակավոր շրջափակման է ենթարկել Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինյան տարածքները մինչև հրեական Շավուոթ տոնի ավարտը: Haaretz թերթի տեղեկություններով, պաղեստինցիներին թույլատրվելու է Իսրայել անցնել միայն մարդասիրական նկատառումներից ելնելով, հայտնում է TASS-ը: Հավատացյալներին նաև թույլ կտան հասնել Երուսաղեմի Տաճարի լեռ` ուրբաթօրյա աղոթքի:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին 2 պաղեստինցիներ սպանել էին 4 իսրայելցիների, ևս 6 մարդ վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ի պատասխան, խոստացել է համապատասխան պաշտպանական և հարձակողական միջոցներ ձեռնարկել:
Շրջափակումից բացի Իսրայելի պաշտպանության նախարարը նախօրեին հրահանգել է հարազատներին չհանձնել սպանված ահաբեկիչների դիակները: Agence France-Presse-ը հայտնում է, որ այսպիսով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը վերանայել է նախկինում կիրառվող պրակտիկան, երբ իսրայելական իշխանությունները սպանված ահաբեկիչների դիակները հանձնում էին նրանց հարազատներին: Նախկինում կարծում էին, որ դիակները չհանձնելը կարող է անհարկի դաժանություն առաջացնել պաղեստինյան կողմի մոտ: Իսկ Լիբերմանի կարծիքով դիակները չհանձնելը կարող է նաև զսպող գործոն դառնալ ահաբեկիչների համար, որ հասկական, որ զրկվելու են թաղման կրոնական արարողակարգերից:
Այս ահաբեկչությունն ու դրան հաջորդած քայլերը լրջորեն վտանգում են հակամարտության կարգավորման ֆրանսիական նախաձեռնությունը, որի շրջանակներում հունիսի 3-ին միջազգային համաժողով կայացավ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը վերսկսելու համար: Հատուկ ուշադրություն հատկացվեց այս գործընթացում «մերձավորարևելյան քառյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, ՄԱԿ, ԵՄ) առանձնահատուկ դերակատարությանը: Մինչև այս տարվա ավարտը նախատեսվում է ևս մեկ նման համաժողով հրավիրել: Նախաձեռնության հաջողելու հնարավորությունն առանց այն էլ մեծ չէր, քանի որ Իսրայելը հանդես էր գալիս բանակցությունների նման բազմակող ձևաչափի դեմ՝ նախապատվությունը տալով ուղղակի բանակցություններին: Իսկ այս սրացումը հավելյալ դժվարություններ է ստեղծում գործընթացի առաջմղման և դրանում կողմերի ներգրավման ճանապարհին: