ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին: Ինչպես հայտնում է Tert.am-ը, գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Բոլորին հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան կա, ինչպես նաև` թուրքական զավթիչների դեմ հերոսական պայքար մղած Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող բազմաթիվ արձաններ կան: Այս արձանները տեղադրված են նրա համար, որ Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհը երկրի բնակչությունը պաշտպանեց այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի հայտ եկած Ադրբեջան պետության զինված խմբավորումների ոտնձգություններից, ինչպես նաև կազմակերպեց Հայաստանի ու Լեռնահայաստանի` Զանգեզուրի պաշտպանությունը:
Եվ որևէ անհասկանալի բան չկա, թե ինչու է Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների հերթական փոթորիկը, որն ուղղակի հետևանքն է Ադրբեջանի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ բարձրաձայնած հավակնությունների: Անբարո ու անարդյունավետ եմ համարում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի անգնահատելի ավանդի վրա ստվեր գցելու Բաքվի ջանքերը»: